Դժվար թե Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը սեպ խրի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններում։ Դա է հավաստում նաև ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտարարությունն առ այն, որ անելու են ամենը թուրք գործընկերների հետ հայտնաբերելու սպանության ետևում կանգնած ուժերին, որոնք կոչված էին, ըստ նախագահի ելույթի, խաթարել Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը, ինչպես նաև ռուս-թուրքական համագործակցությունը։

 


Պաշտոնական Անկարան իր հերթին չհապաղեց Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ տեսնել գյուլենական հետք։ Ի տարբերություն Թուրքիայի ԶՈւ-ի կողմից ռուսական ռմբակոծչի խոցման միջադեպի, որտեղ թուրքական կողմը չուներ մանևրելու հնարավորություն և անմիջական պատասխանատվությունը ընկնում էր պետության ուսերին, դեսպանի սպանության առիթով պաշտոնական Անկարան հնարավորություն ունի սպանության հետևում տեսնել գյուլենական, ահաբեկչական կամ նրանց սատարող այլ արտաքին ուժերի։

 


Առանց որևէ ակնարկի կամ ենթատեքստի, դեպքի հետ կապված ակամայից հիշեցի 1914թ. հունիսի 28-ին ավստրո-հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա տիկնոջ սպանությունը, որը հանգեցրեց Առաջին աշխարհամարտի մեկնարկին։

 

Կարեն Վերանյան