Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հալեպի ազատագրության ռազմագործողությունը սիրիական բանակի և նրան հարող ներսիրիական ու արտաքին ուժերի ամենանշանակալից ռազմական և ռազմավարական ձեռքբերումն է ներքին զինված հակամարտության անցած շուրջ 6 տարիների ընթացքում, մինչդեռ անգամ այս հաղթանակը բնավ չի նշանակում, որ բազմաշերտ թնջուկը մոտ է հանգուցալուծման. պարզապես պետք է արձանագրել՝ հակամարտությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որտեղ կառավարական ուժերն ու նրանց ներքին և արտաքին դաշնակիցները հանդես կգան շատ ավելի բարենպաստ ռազմական, քաղաքական, հոգեբանական դիրքերից:
Կարելի է առանձնացնել Հալեպի ազատագրմանը նպաստող մի քանի գործոն: Նախ և առաջ, այս գործողությունը սիրիական բանակի, նրան հարող կազմավորումների, ռուսական օդատիեզերական ուժերի, իրանցի ռազմական ոլորտի մասնագետների կողմից համատեղ, ամենայն մանրամասնությամբ մշակված և իրականացված ռազմագործողություն էր, որին չկարողացան համարժեք դիմադրություն ցույց տալ հակակառավարական տարաբնույթ խմբավորումները և նրանց արտաքին հովանավորներն: Անշուշտ, պետք է առանձնացնել նաև այս հաջողությանը հանգեցրած որոշ արտաքին իրողություններ, և հատկապես այն հանգամանքը, որ ընդդիմադիր զինյալները զրկված էին որևէ առարկայական արտաքին աջակցություն ստանալու հնարավորությունից:
Այս համատեքստում, կարևոր է ընդգծել նաև Թուրքիայի փաստացի անգործության հանգամանքը, որի ձեռքերը նաև Հալեպում կապվել էին դեռևս «Եփրատի վահան» ռազմագործողության հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում: Իսկ ընդդիամադիրների մյուս արտաքին հավանավորներն, ըստ էության, զրկվել էին աջակցելու հնարավորությունից՝ քաղաքի արևելյան շրջանների՝ օդում ու ցամաքում պաշարման մեջ գտնվելու և կառավարական ուժերի վճռական մոտեցման պատճառով:
Մինչդեռ ժամանակավրեպ են նաև այն կանխատեսումները, որ սիրիական հակամարտությունն աստիճանաբար մոտենում է տրամաբանական հանգուցալուծման: Մի բան պետք է հաշվի առնել՝ այս հիմնախնդիրը բազմաշերտ է, Սիրիայի տարածքում տարբեր հարթություններում այսօր բախվում են խիստ խայտաբղետ և հակոտնյա շահեր, և, նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան ներկա գործընթացները, պատկերավոր ասած, պնդել՝ ենթադրենք, որ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան պատրաստ են զիջել Իրանին, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին առնվազն անհիմն է:
Այս օրերին՝ Հալեպի ազատագրությանը զուգահեռ, սիրիական ռազմադաշտում արձանագրվեց մի շատ կարևոր և խոսուն իրադարձություն ևս՝ Պալմիրան վերագրավվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ինչն ուղղակիորեն հավաստում է, որ սիրիական ռազմադաշտում բացարձակ առաջատարներ, միանշանակ հաղթողներ չկան. առանցքային դեակատարներից յուրաքանչյուրը մի ճակատում հաջողում է, մեկ այլում՝ կորցնում, և բնավ կարևոր չէ, թե ում է զիջում, սիրիական թնջուկի բնույթն է այդպիսին: Նույն իրողությունը պետք է դիտարկել նաև աշխարհաքաղաքական դիմակայության հարթությունում. Պալմիրայի կորուստը, որը գտնվում էր նաև ռուսական օդատիեզերական ուժերի հովանու ներքո, անշուշտ և՛ ռազմական, և՛ ռազմավարական տեսանկյունից ոչ համարժեք, բայց յուրօրինակ պատասխան էր Մոսկվային նրա աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից՝ առ այն, որ Հալեպի հաղթանակը բնավ էլ սիրիական հակամարտության ավարտ չի նշանակում:
Հալեպի ազատագրության իրողությունը հայկական դիտանկյունից առավելապես կարևորվում է ինչպես բուն քաղաքում, այնպես էլ՝ առհասարակ Սիրիայում դեռևս ապրել շարունակող և տարբեր երկրներում գաղթական դարձած մեր հայրենակիցների ճակատագրի առումով: Այո՛, կանխատեսելի է, որ Հալեպի հայաբնակ շրջանների առնվազն անվտանգության խնդիրը գոնե առժամանակ կլուծվի, սակայն քանի դեռ վերջնական հանգուցալուծում չի գրանցվել սիրիական հիմնախնդրում ընդհանրապես, դեռևս օրակարգում են լինելու կենցաղային, մարդասիրական, սոցիալական բազմաթիվ խնդիրներ և այլ սպառնալիքներ: Բացի այդ, նաև նույն Պալմիրայի օրինակն էլ ցույց է տալիս, որ քանի դեռ կա նաև արտաքին ուժերի լուրջ դիմակայություն, սիրիական ռազմաճակատում որևէ հաղթանակ վերջնական չէ, իսկ ռազմական գործողությունների հետագա ընթացքն էլ ոչ անքան կանխատեսելի՝ բնականաբար պայմանավորված մի շարք զուգահեռ և փոխկապակցված գործընթացներով»: