Այս համատարած հնդիկացումը միայն իմ նյարդերի վրա է ազդո՞ւմ: Երբ միացնում եմ հեռուստացույցը, ոնց որ սպառնալիքի նման գլխիս թափվի՝ շուտով Արմենիա ԹՎ-ն կսկսի ցուցադրել աննախադեպ, վարկանիշային ու սիրված հնդկական սերիալ: Հերիք չի այս «բարի լուրը» մեզ հասցնեք:
Աշխարհը զարգանում է, մենք հետ ենք գնում: Արմենիա ԹՎ-ի եթերի և ծրագրերի պատասխանատուներ, հնդկական սերիալներ ցուցադրում էին սովետի ժամանակ:
Հիշում եմ տատիկս պատմում էր, որ այդ տարիներին կինոթատրոններ հնդկական ֆիլմեր էին բերում, ու ժողովուրդը ասես հիպնոսացաց վազում էր դրանք նայելու: Հասկանում եմ, այն ժամանակ շատ բան չկար, ինչ կա հիմա, արգելքներն ու ազատության սահմանափակումը շատ էր: Խնդիր կար մարդկանց կառավարելու, իսկ դա ամենից հեշտ արվում է էմոցիաների վրա խաղալով: Դե հնդկական ֆիլմերն էլ մարդկանց էմոցիոնալ վիճակի վրա ազդող լավագույն եղանակն էր:
Բայց դրանից անցել է 25 տարի, աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել այդ էժանագին արտադրանքին, իսկ մենք՝ ծառերից առաջինն իջած և բոլորից վաղ զարգացած հայերս, դեռ շարունակում ենք հնդկական կինո ու սերիալ նայել ու մի բան էլ գլուխ գովել, թե երկրի առաջատար ԹՎ-ներից մեկը սկսել է ցուցադրել...
Իսկ ի՞նչ են ցուցադրում հնդկական սերիալները: Ասում եք, թե շնորհակալ եղեք, որ այլասերվածություն չկա: Լավ է, որ չկա, բայց այն ինչ կա, դա էլ ավելի ահավոր է: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում ցուցադրել, որ կինը ոչնչի իրավունք չունի, իրավազուրկ ու ձայնազուրկ մոլախոտ է, ցուցադրել, որ սեռով կարելի է որոշել մարդու ապրելու կամ չապրելու իրավունքը, ցուցադրել, որ կրթություն ստանալը և դրա մասին մտածելը ամենավերջին անբարոյականությունն է, ու խարույկի վրա այլել է պետք բոլոր այդ համարձակներին...
Ախր այդ ցուցադրածը մեր ժամանակների, մեր մշակույթի ու մեր երկիրի հետ ոչ մի աղերս չունի...
Լիլիթ Վանեցյան