ՀՀ Պշտպանության նախկին նախարար Սեյրան օհանյանի կինը, Facebook սոցցանցի իր էջում հատված է ներկայացրել իր հարցազրույցից, որն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
-Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը, և ի՞նչ է, ըստ Ձեզ, հաղթանակը քաղաքականության մեջ:
-...Ես կուզեի մեջբերել Հենրի Ադամսի հանճարեղ խոսքերը քաղաքականության մասին. «Քաղաքականությունը, ինչպիսին էլ որ լինի դրա համոզմունքը, գործնականում ատելության համակարգված կազմակերպում է»: Այսպիսով ընդգծում է, որ թերևս անհնար է պատկերացնել քաղաքականությունն առանց չարության և ատելության դրսևորումների:
Ես խորապես համոզված եմ, որ ժամանակակից աշխարհի քաղաքական գործընթացներում յուրաքանչյուր գործիչ (անկախ այն հանգամանքից՝ կին է, թե տղամարդ)՝ թեկուզ և ամենաբարձրաստիճան, կամ քաղաքական ուժի ղեկավար՝ անգամ ամենափորձված, եթե իր գործունեությունը իրականացնելիս իր ներկայությունը ապահովում և իմաստավորում է ենթադրյալ քաղաքական հակառակորդին զրպարտելով, վարկաբեկելով, փորձելով սեփական ճանապարհը հարթել, ըստ իս, դատապարտված է անվերապահ պարտության: Իր գործունեության նեգատիվը սփռելով շրջապատում՝ ազդարարում է իր իսկ քողարկված և կպչուն վախերի մասին՝ ցույց տալով անվստահությունը սեփական անձի և գործունեության նկատմամբ, կանխորոշելով սեփական պարտությունը: Նման հակառակորդին պետք չէ հաղթել, այլ պարզապես պետք է դիտել՝ ինչպես է նա պարտվում: Իսկ ըստ իս, և՛ կյանքում, և՛ քաղաքականության մեջ ամենադժվար հաղթանակը սեփական «ես»-ին հաղթելն է:
-Դուք այն զգայուն հոգիներից եք, որ անգամ ունայնության մեջ գտնում է լուսավոր մի կետ, ձմռան ցրտին՝ ջերմություն ու սեր: Մի գեղեցիկ գրառում էիք արել Ձեր ֆեյսբուքյան էջում՝ «Ձմեռային էլեգիա»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կկոչեիք աշունը:
-Ինչպես ամեն տարիք իր հմայքն ու գեղեցկությունը, իմաստն ու բովանդակությունն ունի, այնպես էլ ամեն տարվա աշուն իր խորհուրդն ունի: Եթե երաժշտական լեզվով խոսեմ, ապա այս տարվա աշունը կկոչեի «Աշնանային կանտատ»: Սիրով կգրեի այդպիսի մի ստեղծագործություն, քանի որ այս տարվա աշունը մեզ համար եղավ ոչ թե նիրհող բնության թախծի խորհրդով, այլ նոր մարտահրավերներով, որոնք մեր կյանք մտան ՝ դառնալով իբրև զարթոնքի, վերադասավորման, նորի և բարու սկիզբ: Եվ կարծում եմ, որ մեր կյանքում սա բախտորոշ և գեղեցիկ աշուն է:
-Տիկին Օհանյան, կբացահայտե՞ք Սեյրան Օհանյանի այդ աստիճան զսպվածության և համբերատարության գաղտնիքը:
-Ինքը մարդու ճշմարիտ և ազնիվ տեսակ է, իսկ այդպիսի մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Իր ողջ կյանքի ընթաքում անցնելով դժվարին և վտանգներով լեցուն, բայց հերոսական ճանապարհ՝ ձեռք է բերել ապրելու զգույշ և նուրբ մարտավարություն, հակառակորդի նպատակը կանխատեսելու փորձառություն՝ իր առջև դրված խնդիրները կատարելով փայլուն և արժանապատվորեն: Նա սադրանքների չենթարկվող մարդու բացառիկ տեսակ է: Իսկ հաղթանակների հարցում իր բանաձևն ունի. «Յուրաքանչյուր մարտ պետք է հաղթել մարտից առաջ»:
Ես հավատում եմ իր գործի, իր նպատակների հաղթանակներին և ցանկանում եմ, որ այն լինի ի փառս մեր Հայրենիքի և մեր ժողովրդի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Դե Ֆակտո» ամսագրի հերթական համարում