«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս հանդիսացող «Ղազվին-Ռեշտ» երկաթուղու կառուցումը կավարտվի մինչև 2017 թվականի օգոստոսը։Այդ մասին հայտարարել է Իրանի պլանավորման ու կառավարման կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Բագեր Նոբահթը։ Նրա խոսքերով՝ 164 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցումը պետք է իրականացվի մինչև նախագահ Հասան Ռոհանիի նախագահական առաջին ժամկետի ավարտը։ 
Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում 4 տարով ընտրվել է 2013 թվականին, և հաջորդ տարի Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ։

Ադրբեջանը փորձում է այդ երկաթգծի շնորհիվ դառնալ կարևոր կապող օղակ Հարավային Կովկասում՝տարանցիկ միջանք երկու տերությունների՝ՌԴ-ի ու Իրանի համար, ինչպես նաև այդ քայլով փորձել նվազեցնել Իրան-Հայաստան երկաթգծի կարևորությունն ու նշանակությունը գոնե Իրանի ու ՌԴ-ի համար: Ադրբեջանը ցանկանում է ստեղծել բարենպաստ պայմաններ՝հնարավոր է նաև տարանցման համար զեղճեր սահմանելով, որպեսզի իրանական և ռուսական ընկերությունները, բիզնեսն ընտրեն հենց այս ուղղությունը, իսկ Իրան-Հայաստան երկաթգիծը, որը դեռևս թղթի վրա է և լավագույն դեպքում՝ֆինանսավորման հարցը դեռ բաց է, կյանքի կկոչվի հինգ-վեց տարվա ընթացքում, քանի որ երկաթգիծն անցնելու է բարդ տեղանքով:

Իրանի ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ հասել են 1,2 միլիարդ դոլարի, որից 145 միլիոն դոլարը բաժին է ընկնում ոչ նավթային հատվածին։ Այս պահին Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 450 ընկերություն:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայության տվյալներով՝ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 137,65 միլիոն դոլար, որից 102 միլիոնը բաժին է ընկնում իրանից արտադրանքի ներկրմանը։
Բաքուն ու Թեհրանը երկկողմ հարաբերություններին նոր լիցք են տալիս՝ իրականացնելով էներգետիկ-տրանսպորտային նախագծեր:
Ադրբեջանական Նեֆտեչալա քաղաքում դրվել է իրանական Իրան Հոդրո մեքենաների արտադրության գործարանի հիմքը՝ տարեկան այնտեղ արտադրվելու է 10.000 ավտոմեքենա ու դա իրանական հերթական ներդրումն է ադրբեջանական տնտեսության մեջ: Ադրբեջանը Հյուսիս-Հարավ՝ Ադրբեջան-Իրան երկաթգծի շինարարության համար Իրանին է տրամադրել կես միլարդ դոլարի վարկ՝ նպաստելով այդ տրանսպորտային միջանցքի շինաշխատանքների արագացմանը:

Իրանի ու Ադրբեջանի միջև ամենախոշոր նախագիծն, իհարկե, ՌԴ-Ադրբեջան-Իրան՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է, որն ունի ինչպես երկաթգծային, այնպես էլ մեքենաների համար նախատեսված բաղադրիչներ: Ադրբեջանն այս կերպ վերածվում է ՌԴ-ն ու ԵԱՏՄ-ն՝ Իրանի ու Ծոցի երկրների միջև կապող օղակի, ինչպես նաև Հնդկաստանի համար ելք է ապահովելու ինչպես Սև ծովի՝ Բաքու-Թբիլիսի-Բաթումիի ու Բաքու-Թբիլիսի-Կարսի օգնությամբ՝ դեպի Թուրքիա, իսկ Հյուսիս-Հարավի օգնությամբ դեպի ՌԴ ու Եվրոպա:

 

Կողմերը զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը՝ Իրանի քաղաքացիները կարող են հեշտացված ընթացակարգերով այցելել Ադրբեջան, իսկ մոտակա ժամանակներս բացվում է Նախիջևան-Թեբրիզ-Մեշհեդ՝ Իրանն ու Նախիջանը կապող երկաթգիծ, որը կարող է դառնալ նաև տարանցիկ, եթե Կարսից երկաթգիծ կառուցվի մինչև Նախիջևան, ինչի մասին Բաքվի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին:

 

Տնտեսական հարաբերություններն իրոք զարգանում են. իրանական ընկերությունները ցանկանում են օգտվել Ադրբեջանի գազային պահեստարաններից, ինչպես նաև ստեղծել Իրան-Ադրեջան-ՌԴ էներգետիկ կամուրջը՝ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման համար:
Քաղաքական հարաբերություններում առկա են որոշակի խնդիրներ՝ թուրք-ադրբեջանական ու ադրբեջանա-իսրայելական ռազմավարական տանդեմների պատճառով, ինչպես նաև Անկարայից ու Բաքվից հնչող որոշակի նկրտումների մասին Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջանների հանդեպ: Սակայն տնտեսական շահերն այս պահին Թեհրանում ավելի բարձր են դասում, քան քաղաքական որոշակի անհամաձայնությունները՝ Իրանը ցանկանում է մտնել Հարավային Կովկաս, ամրապնդել այնտեղ իրանական ներկայությունն ու հակակշռել թուրքական և ինչու ոչ նաև ռուսական ներկայությանը:

Այդ պատճառով Բաքու-Թեհրան ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են խորանալ, սակայն Իրանը միշտ էլ զգուշավոր է լինելու Ադրբեջանի հարցում՝ Թուրքիայի, Իսրայելի ու Արևմուտքի հետ Իրանի դեմ հնարավոր կոալիցիա ստեղծելու հավանականության պատճառով, բացի այդ, Իրանը ցանկանում է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝ իրականացնելով ինչպես էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, այնպես էլ ներդրումային՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալ այդ թվում ՀՀ-ն, որպես հարթակ օգտագործելու առումով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 20-ից հետո Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Դա կլինի Իրանի նախագահի պատասխան այցը, հայտնում է Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը: Հայաստանից Ռոհանին կմեկնի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան: Ռոուհանիի այցը առանցքային երևույթ է հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլի համար, սակայն Իրան-ՀՀ տնտեսական փոխհարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական կապերին ու հարևան երկրի նախագահի այցի ընթացքում այդ բացը պետք է շատ օպերատիվ կերպով լրացվի։

Նախաձեռնողականությունը պետք է բխի առաջին հերթին Երևանից։
Ծրագրերը պետք է լինեն կոնկրետ, այլ ոչ թե կենացային մակարդակով հերթական անգամ խոսվի հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, իսկ այդ ֆոնին Իրան-ՀՀ երկաթգիծն այդպես էլ կարծես անցավ պատմության գիրկը։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, որն այնքան դանդաղ է կյանքի կոչվում, կոռուպցիոն սկանդալներով լի նախագիծ է, որ իրանական բեռնափոխադրողները կարող են նախընտրել Ադրբեջանի տարածքը`ՌԴ, անգամ Վրաստան ու Սև ծով դուրս գալու համար։ Ադրբեջանը երեք տարով ճանապարհային հարկից ու այլ տուրքերից ազատել է իրանական բեռնափոխադրողներին, ինչը լրացուցիչ խթան է ու քայլ ուղղված ՀՀ-ից իրանական փոխադրողներին դեպի ադրբեջանական ենթակառուցվածքներ շեղելու համար։ Հայ-իրանական հարաբերություններում քաղաքական բարձր հայտարարություններից պետք է անցնել խոր տնտեսական կոոպերացիայի բոլոր ոլորտներում։
Իրան-ՀՀ հարաբերություններում պակասում է դինամիկան՝ առաջին հերթին տնտեսական, ինչպես նաև նոր գաղափարները, նոր ծրագրերը, իսկ հներն այնքան դանդաղ են առաջ շարժվում, որ Բաքուն այն օգտագործում իրանական բեռները, հոսքերը դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու համար:

ՀՀ-ն պետք է նոր շունչ հաղորդի Իրանի հետ հարաբերություններին, հակառակ պարագայում հայ-իրանական հարաբերությունները կհանգեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին՝ կենացներ բարեկամության, եղբայրության մասին, սակայն տնտեսական իմաստով գրեթե զրոյական կապեր՝ ներդրումներ, համատեղ ձեռնարկություններ, խոշոր նախագծեր, քաղաքական բովանդակալից օրակարգ: