«Միասնություն» համազգային շարժման իրավական հարցերով պատասխանատու Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1000 ԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ...


Պարզվում է, որ ՀՀ Կառավարության՝ քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու մասին հայտնի նախագիծը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը: Ավելի ստույգ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի hանրապետության քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի hանրապետության պաշտպանությանը՝

 

1) խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքների և զորավարժությունների կանչվելու միջոցով.

 

2) պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքի զորակոչվելու միջոցով.

 

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվելու միջոցով:

 

Փաստորեն, օրենքը սպառիչ կերպով սահմանում է ՀՀ պաշտպանությանը քաղաքացիների մասնակցության եղանակները, որոնցում բացակայում է հարկեր և պարտադիր այլ վճարներ մուծելու պարտականությունը:
Սա զուտ մասնագիտական կարծիք է, և ինձ իսկապես հետաքրքրում են հակառակն ապացուցող տեսակետները:


Ի դեպ, այս նախագիծը համահունչ չէ նաև «մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունը բացառապես հանրային իշխանության պարտականությունը հանդիսանալու» և «հանրային իշխանությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով սահմանափակված լինելու» վերաբերյալ ՀՀ Սահմանադրության դրույթներին...

 

Պակաս զավեշտալի չէ նաև այն փաստը, որ ազգ-բանակ հայեցակարգը մեր հանրությանը «հրամցնելուց» առաջ մեր պետական այրերը ՀՀ «բարեփոխված» Սահմանադրության մեջ մոռացել են անգամ հիշատակել պետության ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտի' բանակի մասին... Թե՞ դրան դեմ են եղել մեր եվրոպացի գործընկերները' ի դեմս Վենետիկի հանձնաժողովի...

 

Իսկապես զավեշտալի է...»: