1901 թվականի Մշո Առաքելոց վանքի կռիվը... Մի ուշագրավ պատմական փաստ. Արևմտյան Հայաստանում զինված խմբի կողմից տարածքի գրավումով և քաղաքական հստակ պահանջների ներկայացմամբ ամենահայտնի գործողությունը տեղի է ունեցել 1901 թվականին, երբ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը նոյեմբերի 3-ին գրավեց Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքը:

 

Օսմանյան կառավարությունը, տեղեկանալով դրա մասին, մեծաքանակ զորք է ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորներն ու նրանց միացած մահմեդական զինված ջոկատները շրջապատում են Առաքելոց վանքը և անցնում հարձակման: Սակայն, չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը, և թուրքերը մարտի ընթացքում բազմաթիվ զոհեր են տալիս: Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, իսկ հայդուկների գործողությունը գնալով արդեն լայն միջազգային արձագանք է ստանում, թուրքերը դիմում են բանակցությունների:

 

Շուտով Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց քաղաքական պահանջները: Դրանք էին. ներում շնորհել հայ քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի կողմից զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին՝ հայերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն: Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը՝ բանտից ազատ են արձակվում 31 բանտարկյալներ:

 

Պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը՝ մարտերը բորբոքվում են նոր թափով: Թուրքերին կրկին չի հաջողվում առաջ անցնել, բացի դրանից՝ թուրքական բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր՝ սպառվում էր զինամթերքը, և Անդրանիկն իր զինակիցներով որոշում են ճեղքել պաշարումը: 1901 թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, սպիտակ սավաններով քողարկված, ֆիդայինները կարողանում են աննկատ դուրս գալ վանքից և հեռանալ: Այդպես է ավարտվում հայ ազգային-ազատագրական պայքարի ամենահայտնի զինված քաղաքական գործողությունը, որի նկարագրությունը տրված է նաև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքում:

 

Ռուբեն Շուխյան