Պատմությունը պահպանել է 1134 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի երկփեղկանի փայտյա դուռը ստեղծած վարպետների անունները' գծող Ղուկաս, փորագրիչներ Թորոս և Գրիգոր: Շուրջ 9 դար առաջ մեծ վարպետությամբ փորագրված այդ դուռը' հայկական միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցներից է և Գրիգոր Լուսավորչի կողմից դեռևս 4-րդ դարի սկզբին հիմնած Մշո Առաքելոց վանքի եզակի մասունքներից: Դռան փեղկերը ծածկված են երկրաչափական զարդանախշերով, շրջանակի աջ և ձախ կողմերը՝ կենդանակերպի, իսկ վերնամասը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։

 

 

1-ին աշխարհամարտը արհավիրք դարձավ պետականություն չունեցող և երկու պատերազմող կայսրությունների հակամարտության մեջ ներքաշված հայ ժողովրդի համար: Ռուսական զորքը սկսեց իր հարձակումը կովկասյան ճակատում 1916-ի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանի նահանգներում հայեր փաստացի արդեն չկային: Ռուսական զինուժի կողմից ռազմակալած տարածքներում կազմակերպվեցին գիտական արշավախմբեր, որպիսի հնարավոր լիներ փրկել հայերից մնացած իրեղեն մասունքները: 1915-ի ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից բարբարոսաբար ավերված էր նաև միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն Մշո Առաքելոց վանքը: Բայց մինչ այդ ջարդարարները վաճառելու նպատակով տեղահանել և թաքցրել էին Մուշի եկեղեցիների դռները տարբեր վայրերում:

 

 

Մշո Առաքելոց վանքի դուռը պատահաբար հայտնաբերում է հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը 1916-ի ամռանը Բիթլիսում: Նա ճանաչում է դուռը թուրքերի կողմից լքված և հայերից թալանված գույքով անկանոն լցված պահոցներից մեկում: Գաղթականների մի խմբի հետ դուռը դժվարությամբ հասցվում է Թիֆլիս և պահվում Հայոց Ազգագրական ընկերության թանգարանում: Հետագայում արդեն հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով դուռը փախադրվում է Երևան, Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ մինչ այժմ պահվում է' որպես Արևմտյան Հայաստանի դարպասների յուրօրինակ խորհրդանիշ:

 

Ռուբեն Շուխյան