Ավտորիտարիզմից ժողովրդավարության անցման վերաբերյալ անդրադարձել են մի շարք տեսաբաններ: Այս հարցում ամերիկյան տեսաբանները կարևորություն են տալիս ժողովրդավարության անցման եղանակի ընտրությանը: Ամենաբարենպաստը նրանք համարում են «պակտային համաձայնությունները», որի ժամանակ քաղաքական վերնախավի իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև կնքվում են պակտեր, համատեղ մշակվում և ընդունվում են «ժողովրդավարական խաղի կանոնները»: Այն իրենից ենթադրում է առաջին հերթին երկխոսության հաստատում տվյալ քաղաքական ուժերի միջև:

 


Հայաստանյան քաղաքական դաշտում այդպիսի պակտային համաձայնության օրինակ է ներկայացվում 1999 թվականին Վազգեն Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության եւԿարեն Դեմիրճյանի գլխավոҀած Հայաստանի Ժողովրդական կուսակցության դաշինքը, որն անվանվեց «Միասնություն»: Այդ ժամանակ դաշինքը շատերի համար էր անակնկալ, քանի որ առաջին ագամ էր Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը միավորվում մեկ բևեռում, ստեղծելով դասական կոալիցիոն կառավարություն: Սակայն հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ընդհատեց ՀՀ-ում ժողովրդավարության համախմբման գործընթացն: Եվ 17 տարի անց էլ Հայաստանը ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել ժողովրդավարության հաստատման հարցում:

 


Բացի մեծ քաղաքական պակտերից քաղաքական դաշտում կարող են կիրառվել նաև կեղծ պակտերի իմիտացիաներ, երբ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կրում է ավելի շատ ձևական, քան բովանդակային բնույթ: Օրիանկ' Սահմանադրության փոփոխման շուրջ ծավալված քաղաքական «երկխոսությունը», որը ծավալեց ՀՀ նախագահը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի հետ, ոչ այլ ինչ էր, եթե ոչ բիզնես-գործարք, ներքին օլիգոպոլիկ համաձայնություն, որտեղ բացի Սահմանադրության բարեփոխումների աջակցությունից կամ ձևական «Ոչ»-ից, բաժանվում էին նաև 2017թ. ապագա խորհրդարանի տեղերը: Ստացվում էր մի իրավիճակ, երբ ժողովրդական լեզվով ասած, «և գայլերն էին կուշտ, և ոչխարները կենդանի»: Սակայն, ինչպես առածն է ասում, ուրեմն այդ դեպքում կերել են հովիվին: Իսկ որպես հովիվ, մեր պարագայում հանդես էր գալիս ժողովուրդը, որի թիկունքում էլ տեղի ունեցան այդ գործարքները: Իրապես իշխանական ուժերը երկխոսության գնում էին ընդդիմության հետ ոչ այնքան ժողովրդավարացման գործընթացին նպաստելու, այլ հավանական հակառակորդներին լիկվիդացնելու համար, իսկ ընդդիմությունն իր հերթին'իշխանությունում իր «մուտքի» իրավունքը ստանալու համար:

 


Արդյունքում ստացանքՍասնա ծռեր, որն էլ փոխեց քաղաքական խաղի ողջ տրամաբանությունը: Երբ որ սահմանափակված են կամ իրականում չեն կիրառվում երկխոսության խողովակները, հաշվի չի առնվում ժողովրդի կամքը, դրանք այսպիսի վտանգավոր հետևանքների են հանգեցնում: Արդյունքում, իրական քաղաքական երկխոսության այլընտրանքը լինելու է զենքի սպառնալիքը:
Այսօր մեր հասարակությանը դա հաստատ պետք չէ. մենք երկու'և արտաքին, և ներքին ճակատով պատերազմելու ռեսուրս չունենք ու այդպես կկորցնենք ամեն ինչ: Բացի այդ իշխանությունը ընդդիմության հետ ինքնամոռաց «երկխոսությունը» ինքնանպատակ դարձնելով, մոռանում է ամենակարևորը՝ հասարակության հետ երկխոսության անհրաժեշտությանը: Այսօր Հայաստանի համար առավել հրատապ է իշխանություն-հասարակություն երկխոսության ապահովումը: Իսկ թե արդյո՞ք դա հնարավոր է, կամ ինչպե՞ս կարող է լինել, սա էլ մեկ այլ բարդ խնդիր է նորից մեր առջև ծառացած:

 

Արմինե Գևորգյան