Հետևելով վերջին իրադարձություններին, ինչպես նաև հաշվի առնելով երբեմն կոռեկտության ու չափելիության սահմանները հատող ֆեյսբուքյան անհանդուրժողականության դրսևորումները՝ ակամայից հարց է առաջանում, թե հնարավո՞ր է արդյոք հասարակական գիտակցության այսպիսի մակարդակի պայմաններում ձևավորել քաղաքական երկխոսության մշակույթ: Չնայած պետականության ու անկախության ձեռքբերման փաստին՝ մեզանում շարունակվում է արմատացած մնալ դեռևս ԽՍՀՄ տարիներից ժառանգած հասարակական-քաղաքական հարաբերությունների կառուցման ուղղահայաց մոտեցումը, երբ որոշ անհատներ կամ խմբավորումներ իրենք իրենց վերադաս էին հռչակում ու մյուսների հետ փոխհարաբերվելիս պահպանում եսակենտրոնության դրսևորումները՝ ձգտելով հասնել արտոնյալ կամ օրենքից դուրս կարգավիճակի:
ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ քաղաքական դաշտում երկխոսության մշակույթը բացակայում է ոչ միայն իշխանության ու ընդդիմության, այլ նաև ընդդիմադիր տարբեր ուժերի միջև: Իսկ ինչո՞վ է սա պայմանավորված:
Նախ տպավորություն է ստեղծվում, որ եթե անգամ քաղաքական տարբեր կուսակցությունների ու խմբավորումների կողմից առաջ է քաշվում խնդիրների շուրջ միասնական մոտեցումներ, տարբերակներ մշակելու գաղափարը, ապա դա պարզապես վերածվում է ձևական երկխոսության: Կողմերը փորձում են իրար պարտադրել սեփական ճշմարտությունը ու թվում է խուսափում են վերջնական համաձայնության հաստատումից, քանի որ իրականում այդ համաձայնությունը չի բխում որևէ մեկի շահերից:
Մյուս կողմից ակնհայտորեն բացակայում է իրար նկատմամբ հարգանքն ու իրար լսելու մշակույթը՝օրինաչափ են դառնում ոչ բովանդակային քննադատություններն ու փոխադարձ պիտակավորումները: Այս ամենին նաև նպաստում է երևույթներն ու գործընթացները սիրողական, մակերեսային ու ոչ մասնագիտական մակարդակով դիտարկելու հանգամանքը :
Եվ ի վերջո քաղաքական երկխոսության բացակայությանն է նպաստում այն կարծրատիպը, որ երկխոսությունը ոչ այլ ինչ է քան քաղաքական առուծախ, որտեղ վաճառքի են հանվում ոչ միայն կողմերի գաղափարները, այլ նաև որոշ դեպքերում վաճառասեղանին են դրվում հենց բանակցային կողմերի ներկայացուցիչները:
Այսպիսով պատճառահետևանքային մի ամբողջ շղթա խոչընդոտում է հասարակական ու քաղաքական խնդիրների առավելապես ռացիոնալ ու պրագմատիկ լուծման գործընթացին ու հանգեցնում հուզականության ու պաթոսի ավելի մեծ թափով տարածմանն ու արմատավորմանը: Սակայն քաղաքական գործընթացները գնալով ավելի ակնառու են դարձնում միայնակ պայքարելու անարդյունավետությունը: Արդյո՞ք այս մոտեցմամբ հնարավոր կլինի դիմակայել ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ հարց, որի պատասխանի փնտրտուքն այլևս հրամայական է:
Անիկ Մարգարյան