«ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է, որ «տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 4000 կրակոց»:
Հաղորդագրությունում երկու «դրվագ» կարելի է առանձնացնել. առաջին, ֆիքսվում է, որ նախորդ գիշեր ինտենսիվ կրակ է եղել, այդ թվում՝ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներից (500 կրակոց), ինչը ցույց է տալիս, որ նախորդ շաբաթների համեմատ կրակահերթերի թիվն էապես աճել է:
Երկրորդ՝ ֆիքսվել է, որ «հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»:
Նախորդ հաղորդագրություններում նշվում էր, որ «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ «խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»:
Նման դեպքերում, ՊԲ-ն, հիմնականում, պատասխան գործողությունների դիմում է այն դեպքում, երբ հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերը անկանոն բնույթ չեն կրում, անմիջական վտանգ են ստեղծում մարտական հերթապահություն կրող անձնակազմի կամ մարտական դիրքերի ենթակառուցվածքների և դրանց սպասարկման համար:
Ուղղակի արձանագրենք, որ ադրբեջանական զինուժի ակտիվությունն սկսել է նաև կրակահերթերի ինտենսիվությամբ դրսևորվել:
Հ.Գ. Դիպուկահար խմբերի ակտիվությունը ևս պահպանվում է»:
Տիգրան Աբրահամյան, քաղաքագետ