Հայաստանում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակությունը թույլ է տալիս ասել, որ երկրի կառավարման համակարգի դիմազրկումն ու մասնագիտական մակարդակի անկումն առաջիկա ամիսներին շարունակվելու է: 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության տարբեր օղակներում հայտնված ԱԺՄ-ածին գործիչների հավանական դուրսմղումը միայն կարագացնի կառավարման համակարգի հետագա քաղքենացումն ու բարոյալքումը: Խորհրդարանական ընդդիմության քառակուսին իրական կենդանության ու գործունակության նշաններ ցույց չի տալիս և դրա համար,թերևս, կան լուրջ, խորքային պատճառներ: Հայաստանում ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լուրջ մասնագիտական վերլուծության կարիքն ունի, սակայն չկա այն պետական օղակը, որը կցանկանա այդ աշխատանքի նախաձեռնողը դառնալ և ունակ կլինի ստացված արդյունքները դիտարկել որպես գործնական ծրագրերի նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ հիմք:

 

 

Արման Մելիքյան