Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

 


Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Պակիստանը հանդիսանում է խոշոր ռազմա-արդյունաբերական համալիր ունեցող երկիր՝միջուկային տերություն, իր զարգացած հրթիռային տեխնոլոգիաներով:Պակիստանա-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կարող է բարձրանալ նոր մակարդակի վրա, եթե վերոնշյալ հայտարարությունը կործանիչների հետ կապված կյանքի կոչվի: Օդային առավելությունը ցանկացած հակամարտությունում ազդում է մարտերի ելքի վրա: Չմոռանանք, որ Ադրբեջանը նախորդ շաբաթ ցուցադրել է նաև սեփական արտադրության կործանիչ ու հետախուզական անօդաչուներ, ինչպես նաև անտեսանելի անօդաչուներ:

 


Բաքուն ցանկանում է ուժեղացնել իր օդուժն ու այդ նպատակով, ըստ նրանց ռազմական ղեկավարության, զբաղվելու են նաև սեփական տարածքում օդ-օդ, օդ-ցամաք հրթիռների ստեղծմամբ, որոնք չի բացառվում, կարող են տեղադրվել թե ռուսական արտադրության կործանիչների վրա՝դրանք արդեն իսկ գտնվում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի շարքերում, թե պակիստանյան կործանիչների: Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ <<երկրորդ Իսրայելը>> Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Ինչ վերաբերվում է Բաքվի այն հայտարարությանը, որ նրանք գնելու են 280 կմ հեռահառության բալիսթիկ հրթիռներ ու համակարգեր, ապա այդ հարցում Բաքվին կարող է օգնել Ուկրաինան, որտեղ պահպանվել են դեռևս խորհրդային շրջանի ռազմա-տեխնիկական հզորությունները՝գործարաններն ու անձնակազմը:

 

 

ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը քննարկում է 300 և ավելի կմ հեռահարության օպերատիվ-մարտավարական համալիրների գնման հարցը: Ադրբեջանի գործընկեր երկրներից Բաքվին այդ հարցում կարող են օգնել Ուկրաինան ու Բելառուսը:Ուկրաինան ու Բելառուսը երկար ժամանակ է աշխատանքներ է իրականացնում ռուսական Իսկանդերների անալոգը ստեղծելու ուղղությամբ: Այդ համալիրը «Гром-2»-ն է, որն ունի 300 կմ խոցման շառավից ու 480 կգ-ոց մարտագլխիկ:

 


«Гром-2»-ի և դրա ռազմական ներուժի մասին կարող են դատողություններ անել ռազմական փորձագետներն ու զինվորականները, սակայն փաստ է, որ նավթադոլարներ ունեցող Ադրբեջանը կարող է համապատասխան զենքեր գնել՝այդ թվում բալիսթիկ, մի շարք երկրներից, այդ թվում Ուկրաինայից, որի հետ դաշնակից են ՎՈւԱՄ կազմակերպությունում, իրականացնում են մի շարք էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, իսկ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող Ուկրաինան պատրաստ է ցանկացած տեսակի զենք վաճառել՝ ցանկացած երկրի: Ուկրաինացի վարձկաններն օգնում էին Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ու չի բացառվում, որ պատրաստ կլինեն դա անել նաև հաջորդ անգամ:

 

Արտեմ Բալասանով