Նոր վարչապետի հետ հույսեր կապող մարդկանց թիվը գնալով շատանում է և դա հասկանալի է. անհուսության մթնոլորտում գտնվող հասարակության համար լույսի հնարավորությունը ոգևորում է: Սակայն հույսերը պետք է հիմնավորված լինեն, որ հետո հիասթափությունը մյուս ծայրահեղությունը չգլորի' համապատասխան հետևանքներով: Դրա համար պետք է հասկանալ երևույթների տրամաբանությունը:

 

Հիմնական խնդիրներից մեկը, որը թույլ չի տալիս զարգանանալ տնտեսությանը, դա ամենաբարձր ատյանի հովանավորչությունն է, որը արտահայտվում է "ատկատների" ինստիտուտի տեսքով:
Կա կարծիիք, որ դրա շատ պարզ պատճառ ունի' Ամենաբարձր Ատյանը շատ ագահ է և այդ պատճառով չի ցանկանում հրաժարվել անաշխատ եկամուտներից: Սակայն դա ընդամենը առաջին հայացքից է այդպես թվում: Ատկատների ինստիտուտը չափազանց լուրջ և բարդ խնդիր է, որից հրաժարվելը կարող է հաջորդ քայլում իշխանափոխության պատճառ դառնալ:

 

Ո՞րն է դրա փիլիսոփայությունը և իշխանաստեղծ նշանակությունը:
Ամենաբարձր Ատյանը, որն իր ձեռքն է կենտրանացրել իշխանության երեք ճյուղերը, ապահովում է համապատասխան հնարավորություններ' կամ ավելի պարզ ասած վերաբաշխում է տնտեսության ճյուղերը (բյուջեն էլ հետը) և դրա դիմաց ստանում է Ատկատները: Այսինքն որոշում, տալիս և վերցնում է: Այսինքն կառավարում է երկիրը:

 

Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, որ Բ.Ատյանը որոշում է, որ բավական է, հիմա սկսում ենք երկրի մասին մտածել ու ազատ ու օրինական տնտեսություն ենք կառուցում, որտեղ գործում են օրենքներն ու մրցակցությունը, իսկ նախկին Ատկատները գնում են բյուջե:

 

Այդ դեպքում առաջանում է հարց. իսկ ո՞վ է ընդհանրապես Նա: Եթե օրենքներով ենք աշխատում, ապա դա նշանակում է, որ Նա կորցնում է իր բաշխիչ, վերաբաշխիչ և պատժիչ' այսինքն կառավարման գործառույթները: Դա նշանակում է, որ խախտվում է վասալ-սյուզերեն հարաբերությունները:
Հաջորդ օրը Բ.Ատյանին բարև տվող էլ կարող է չլինի: Իսկ ինչու պետք է բարևեն, եթե նա ոչինչ այլևս չի որոշում' ոչ տալիս է, ոչ վերցնում, ոչ էլ պատժում:

 

Այսինքն Ատկատներից հրաժարվելը կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել: Արդյո՞ք հայտնի անձնավորությունը դրան պատրաստ է:

 

Ստեփան Դանիելյան