Հին Հունաստանի փիլիսոփաներից մեկը' Դիոգենեսը, օրը ցերեկով վառվող մոմը ձեռքին շրջում էր քաղաքի փողոցներով: Հարցին, թե ինչու է ցերեկը մոմ վառել, փիլիսոփան պատասխանում է. «Մարդ եմ փնտրում»: Պատկերավոր մտածողությունը հատուկ էր Հին աշխարհի մարդկանց:


Թե որքանով է այդ հատկանիշը 21- րդ դարում բնորոշ մեր երկրի խորհրդարանին, թող պարզեն ապագա սերունդները, բայց որ պատգամավոր Լևոն Զուրաբյանը մինչև օրս առանձնապես աչքի չի ընկել պատկերավոր մտածողությամբ, հայտնի է իր ընտրողին: Առավել քան զարմանալի էր երեկվա նրա ձեռնափայտով «մոտեցումը» նիստերի դահլիճի ամբիոնին:


Եվ երբ պատգամավորը համոզվեց, որ գործընկերները հակված չեն գնահատելու իր «փիլիսոփայական» քայլը, բացատրեց.


«Ընդդիմությունը վերջերս կաղում է, բայց դա ժամանակավոր երևույթ է»: Իհարկե, պ- րն Զուրաբյանը, չունենալով հայեցի կրթություն, «կաղ»- ի փոխարեն օգտագործեց օտարահունչ մի բառ, բայց դրանից, իր կարծիքով, ասածի իմաստը չփոխվեց:


Ավելի դժվարին կացության մեջ էին հայտնվել Զարուհի Փոստանջյանի խորհրդարանական հարևանները: Նրանք ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչու է տիկնոջ սեղանին կարմիր խնձոր դրված: Պարզ էր, որ դրա ժողովրդական իմաստը տեղին չէր շատ հասկանալի պատճառով: Մնում էր ենթադրել, որ տիկին պատգամավորը խնձորի դիետա է պահում, և գույնը ոչ մի էական նշանակություն չունի:


Ասվածից հետևում է, որ հայրենի պատգամավորները պետք է ավելի ուշադիր լինեն իրենց այն գործընկերների հանդեպ, ովքեր պատկերավոր մտածողության հակում ունեն և ում հանգիստ չի տալիս թեկուզ անտիկ ժամանակի գործընկերների չխամրող փառքը;

 

 

Վաչագան Գևորգյան