Ադրբեջանա-իրանական միջպետական հարաբերությունների ամենազգայուն կետերից մեկն Ադրբեջանում ապրող արմատական շիադավան մուսուլմանների իրավունքների ոտնահարումն ու վերջիններիս նկատմամբ պարբերաբար իրականացվող սահմանափակումներն են:

 


Հայտնի է, որ Ադրբեջանի վարչակարգն ամեն կերպ ջանում է լռեցնել ցանկացած բողոք ու նման հարցերը, որպես կանոն լուծվում են սարքված գործերով, կեղծ հոդվածներով ու անհիմն ձերբակալություններով:
Ադրբեջանի «Իսլամական կուսակցության» նախագահ Մյովսյում Սեմեդովը, որպես անհամաձայնության նշան երկրում սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, հացադուլ էր հայտարարել՝ դրանով բորբոքելով նաև իր հետևորդների կրքերը, ինչն իհարկե չէր կարող չանհանգստացնել իշխանությանը: Սեմեդովին լռեցնելու նպատակով իշխանությունները որոշել են քաղբանտարկյալին տեղափողել մեկ հոգու համար նախատեսված բանտախուց:

 


Վերջերս իրանական կողմը յուրահատուկ դիվանագիտական հայտարարությամբ հասկացրել է Բաքվին, որ եթե շարունակվեն բռնաճնշումներն օրենքի շրջանակներում իրենց կրոնական կյանքով ապրող մուսուլմանների վրա, ապա երկրում կարող է աճել «ահաբեկչական» խմբավորոմների թիվը:
Իլհամ Ալիևի վարչակարգը մի կողմից սիրաշահում է Թուրքիայի իշխանություններին՝ գյուլենականներին վերածելով ներքին թշնամու, մյուս կողմից խաղում է Իրանի հոգևոր իշխանության նյարդերի հետ:

 

Աշոտ Մովսիսյան