Նախորդ երկու շաբաթը Հայաստանի երրորդ հանրապետության ամենադրամատիկ օրերն էին։ Լռում էի քանի, որ այդ գերլարված պայմաններում, ամենևին տեղին չեմ համարել թե «Սասնա ծռերի» համակիրների և թե նրանց դեմ՝ իշխանամետ օղակների քարոզչական հարձակումները և հիմանականում էժանագին հնարքները։ Տեղին չեմ համարել, քանի որ վերջին հաշվով, և այդ նույն իշխանամետ օղակները, և հասարակ ժողովուրդը նույն կործանվող նավի մեջ են, և փրկվելու փոխարեն, միմյանց միս են կերել՝ ուրիշ ոչինչ։
Բայց ինչ ունենք «Սասնա ծռերի» այս հուսահատ պոռթկման արդյունքում։
1.Երկու սպանված ոստիկան. նրանց սպանությունը՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել և ով է դրանց հեղինակը, ծանրանալու է բոլորիս խղճին՝ հասարակ քաղաքացուց մինչև երկրի նախագահ։
2. Ունենք հերթական ժողովրդական հիասթափություն՝ ուստի և Հայաստանը լքել ցանկացող ավելի շատ մարդ, ավելի խորն ու անհաղաթահարելի գաղջ և անորոշության մթնոլորտ։
3. Ունենք ապրիլյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունների առջև վառված պետական համակարգի խաթարման մասին երկրորդ կարմիր լույսը, և եթե այս մի ազդանշանն էլ անտեսվի պետական մեքենան կարող է վերջնականապես կանգնել և ոչ մի վարպետ չկարողանա այն վերանորոգել։ Հետևաբար զինյալների՝ զենքը վայր դնելուց հետո մենք ունենք բարեփոխվելու մի վերջին հնարավորություն, իսկ այլընտրանքը վերջնական կործանումն է։
Կարեն Համբարձումյան