Հայաստանում հունիս հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևներն ու կարկտահարությունները զգալի վնասներ էին հասցրել Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք համայնքների բնակիչներին: Դրանց հետևանքով տուժել են բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
Ինչ խոսք բնակիչների կրած նյութական վնասներն ունեն փոխհատուցման կարիք: Այստեղ պետությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջին՝ նշված համայնքներում տեղադրել հակակարկտային նոր կայաններ, և երկրորդ՝ գյուղացիների՝ գյուղատնտեսության համար վերցված վարկերը 1 տարով հետաձգել:

 


Կառավարության այսօրվա նիստում այս խնդրին ևս անդրադարձ է եղել: Գործադիրը 104 մլն դրամ է հատկացրել աղետի հասցրած վնասի հետևանքները վերացնելու, ինչպես նաև հետագայում նման մեծածավալ վնասից խուսափելու համար՝ Արմավիրի մարզում 22 և Արագածոտնի մարզում 6 հակակարկտային կայան տեղադրելու նպատակով:
Բացի այդ որոշում է կայացվել մարզերում, համայնքներում ստեղծված հանձնաժողովների առաջարկները քննարկել և փորձել հնարավորինս օգնել քաղաքացիներին:
Ինչ վերաբերվում է գյուղացիների վարկերին, ապա գործադիրի ղեկավարը կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանին առաջարկել է առևտրային բանկերի հետ համագործակցել և գոնե մեկ տարով հետաձգել գյուղացիների վարկերը:

 


Այսինքն վերը թվարկված խնդիրները լուծման փուլում են: Հակակարկտային կայանների թիվն ավելացվում է, իսկ գյուղացիների վարկերը հետաձգելու գործընթացը քննարկման փուլում է: Հուսանք, որ առաջ եկած խնդիրների լուծման ուղղված քայլերը պետությունը կարագացնի:

 

Անի Սանոսյան