Ինչպես գիտենք, արդեն 2016 թվականի ապրիլի 21-ին գործադիրը որոշում էր կայացրել, որով սահմանվում էր զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը: Սա լուծում է կարևորագույն խնդիրներ և թույլ է տալիս օրենքով սահմանված գումարներ հատկացնել զինծառայողներին անհրաժեշտ բուժում ստանալու համար: Այս որոշման արդյունքում արդեն փրկվել են բազմաթիվ կյանքեր, սակայն այստեղ կար մի խնդիր ևս:
Բնականաբար զինծառայողները արտասահմանում բուժման մեկնելիս չէին կարող մենակ գնալ: Նրանց հետ մեկնում էր նաև հարազատներից գոնե մեկը, որը հաճախ ենթադրում էր այնպիսի ծախսեր, որը լուրջ խնդիր էր դառնում գործընթացի համար:
Այս խնդրի լուծման համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախորդ որոշման մեջ: Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
Մարինա Ներսեսյան