Ամեն բան իր Խորհուրդն ունի… Երբ առհամարհվում, մոռացության է մատնվում Խուհուրդը, մնում է միայն սովորույթը, որը ժամանակի ընթացքում քարանալով, սկսում է արտահայտվել իրադարձության բուն ԷՈՒԹՅԱՆ հետ որևէ առնչություն չունեցող ավելի ու ավելի գռեհիկ ձևերով:
Այսպես են մեր բոլոր աշխարհիկ և եկեղեցական տոները… Ամենուր կորսված է ԽՈՐՀՈՒՐԴԸ և մարդիկ էլ, կարծես գործում են միայն բովանդակությունից կտրված ձևի հարթություններում: Ըստ այդմ Նոր Տարին մեզանում վերածվել է խոզի բուդ լափելու մրցակցության, Տիրոջ Ծննդյան կամ Հրաշափառ Հարության տոները՝ ընդամենը ձուկ ու չամիչով փլավ ուտելու ու գինի կոնծելու կոնկուրսների…
Նույնն է նաև այսօրվա Վարդավառի կամ Տիրոջ Պայծառակերպության պարագայում: Այն Հայ Եկեղեցու այն տաղավար տոներից է, որտեղ միահյուսված են մեր հին և նոր աստվածներն ու հավատամքները, որից ընդամենը մնացել է մարդկանց վրա ջուր ցողելու սովորույթը: Այդ սովորույթն էլ հասել է գռեհկության այնպիսի աստիճանների, որ հատկապես աղջիկներն առանց իրենց կամքին հակառակ ոտքից գլուխ նվաստացուցիչ ՛՛ջրացողման՛՛ այդ օրը որևէ տեղ գնալ չեն կարող:
Նայելով մեր փողոցներում ու բակերում տեղի ունեցող ՛՛մարտական գործողություններն՛՛, վստահաբար կարող եմ ասել, որ ա՛յս ձևի մեջ, տոնը որևէ աղերս չունի ո՛չ հեթանոսական Վարդավառի և ո՛չ էլ քրիստոնեական Պայծառակերպության հետ: Այն, իր ագրեսիվ լիցքով, ամեն մարդկային բնույթին հակառակվող արտահայտումներով, ավելի նախամարդու կամ կռապաշտական ժամանակներին հատուկ, ջրի հետ կապված ինչ որ բարբարոսական արարողություն է հիշեցնում:
Սակայն գռեհկության ներկայիս աստիճանով անգամ այս տոնը դեռ չի հասել իր բարձրակետին:
Մեր այս ընթացքը ցույց է տալիս, որ մոտ ժամանակներում, ջրին փոխարինվելու են գալու քարակույտերը, իսկ ծիսակատարության մասնակիցները զինվելու են քարանետ սարքերով…
Արտաշես Փափազյան