Ազգային ժողովում մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների միջև վերջին օրերին տեղի ունեցած լեզվակռիվները, փոխադարձ մեղադրանքները, ակնհայտ սպառնալիքները և հաշիվներ պարզելու կոչերը ստիպում են մտածել, որ երկրում քաղաքական համակարգը, ամեն դեպքում, դեռ հեռու է կայացած համարվելուց, իսկ դրա պատճառը, ամեն դեպքում, իրավական դաշտը չէ: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ թվում էր, թե սահմանադրական փոփոխություններով մենք վերջապես կունենանք կայացած քաղաքական համակարգ, բայց այն կուսակցությունները, որոնք ներկայացված են այսօր խորհրդարանում, մեծ հավանականությամբ հենց նույն մարդկանցով ներկայացված են լինելու նաև հաջորդ Ազգային ժողովում, այնպես որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեծ հավանականությամբ կարող է կրկնվել նաև հետագայում՝ ջուրը լցնելով քաղաքական համակարգը կայացնելուն միտված իրավական հսկայական աշխատանքը, որը տարվել է սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

 


Հայաստանի քաղաքական համակարգը անիմաստ և աննպատակ դարձնող պատճառներն ավելի խորն են, քանի զուտ իրավականը /անկատար իրավական դաշտը/ կամ տնտեսականը /օլիգարխների կամ մեկ անձերի կուսակցություններ, քաղաքական և տնտեսական համակարգերի նույնացում/: Քաղաքական համակարգը աղավաղում են հիմնականում երկու երևույթներ, մեկը զուտ կուսակցական, մյուսը՝ կապված հասարակության հետ: Երկրորդն ավելի հիմնավոր է, ինչի պատճառով էլ սկսեմ դրանից: Մեր հասարակությունը, ուզենք թե չուզենք, դարձել է սպառողական, և իր թե առօրեական, թե մյուս հարաբերություններում առաջնորդվում է սպառողի հոգեբանությամբ: Իսկ սպառում են միշտ ապրանք կամ ծառայություն:

 


Կուսակցությունները նույնպես հանրության կողմից դիտարկվում են որպես սպառման օբյեկտ, և հանրության տարբեր շերտեր և խմբեր տարբեր կուսակցություններից ստանում ու սպառում են ապրանքներ և ծառայություններ՝ բառի բուն իմաստով: Պարզ է, որ նման պայմաններում հաջողության կարող են հասնել այն կուսակցությունները, որոնք ունեն բավականին ռեսուրսներ՝ բավարարելու ընտրազանգվածի սպառողական պահանջները: Սրանում է մեր ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի անհաջողության պատճառներից մեկը՝ նրանք ապրանքի կամ ծառայության տեսքով բան չունեն առաջարկելու հանրությանը:

 


Իհարկե, կարելի է ասել, որ ընդդիմադիր կուսակցությունները հանրությանն առաջարկում են բարեփոխման ծրագրեր, ավելի լավ ապագայի հեռանկարներ և այլն, և դա ինչ-որ իմաստով ճիշտ է: Սակայն այս հանգամանքն էլ իր պրոբլեմն ունի. բանն այն է, որ սպառողական հոգեբանությամբ ապրող հասարակությունը ամեն ինչ ուզում է ունենալ «հիմա և այստեղ», ոչ թե՝ հեռավոր և մշուշոտ ապագայում: Այդ պատճառով «ավելի քիչ, բայց հիմա» սկզբունքը հաղթում է «ավելի շատ, բայց հետո» սկզբունքին: Այդ պատճառով այս պահին սպառվող ապրանքը՝ գումարը, ավելի մեծ «քաղաքական» կշիռ ունի սպառողական հոգեբանությամբ ապրող հանրության համար, քան ամիսներ կամ տարիներ հետո հնարավոր բարեկեցությունը և այսպես կոչված ծառայությունները՝ արդարադատությունը, կոռուպցիայի վերացումը, որակյալ կրթությունը և այլն:

 


Վերջին խնդիրը, որն ազդում է քաղաքական համակարգի այլասերման վրա կուսակցություն-հանրության փոխհարաբերության համատեքստում, վերաբերում է նրան, ով հանրությունը վերաբերվում է կուսակցություններին միայն որպես դրանց կողմից մատուցվող ապրանքների և ծառայությունների սպառող ոչ միայն այն պատճառով, որ հանրությունն իրականում սպառող է, այլ նաև այն պատճառով, որ չունի ցանկալի ապագայի միասնական նախագիծ, որը կներկայացներ կուսակցություններին և կպահանջեր իրականացնել այն: Հետևաբար, հաջողություն կունենար այն կուսակցությունը, որը կարձագանքեր հանրության այդ պահանջին, բայց հանրությունը լայն իմաստով երկրի քաղաքական համակարգին նման պահանջ-նախագիծ դեռ չի ներկայացնել:

 

Մովսես Դեմիրճյան