Քամու դեմ նավարկելով անհնար է փոխել նրա ուղղությունը, իսկ քամին արհամարող նավապետը կարող է նույնիսկ խորտակել նավը: Նույնպես և մարդկության առաջընթացին խոչընդոտող բազմաթիվ առաջնորդներ խայտառակ ձևով հեռացել են թատերաբեմից: Նրանց վատ օրինակին հետևող Ալիևն այսօր լուրջ վտանգի է ենթարկում մարդկությանը, բայց միջազգային հանրությունը դեռ հանդուրժում է նրա հակամարդկային վարքագիծը: Հունիսի 20-ին նշանակված Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման երեք վարկած կա:
Ամենասպասվածն այն է, որ կստորագրվի շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին համաձայնությունը, ինչին մոտ մեկ տարի դիմադրում է Ադրբեջանը: Այդ մեխանիզմների տեղակայմամբ ԵԱՀԿ դիտորդական մանդատը կհզորանա, բանակցությունները կշարժվեն մեռյալ կետից:
Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը կհրաժարվի Վիեննայի համաձայնությունից և օդում նորից կկախվի ծավալուն պատերազմի վերսկսման վտանգը: Եվ վերջապես, չի բացառվում, որ սեղանին դրվի նեոկազանյան փաստաթուղթ, որով Ռուսաստանը վերջին անգամ կողմերին կառաջարկի կարգավորման տարբերակ և կփորձի պահպանել տարածաշրջանային հեգեմոնի դիրքը: Ամեն դեպքում հաստատ է մեկ բան. Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը:
Վահե Ղազարյան