Ընդդիմության գործունեությունն անհնար է պատկերացնել առանց իշխանության: Որոշ տեսաբաններ «ընդդիմություն» հասկացության տակ նկատի է առնում որոշակի սուբյեկտ, որը հակադրվում է կամ համաձայն չէ կառավարական քաղաքականությանը: Իրականում, քաղաքական ընդդիմությունը հանդես է գալիս որպես քաղաքական իշխանության համար պայքարող սուբյեկտ, որը հակադրվում է կառավարական քաղաքականությանը կամ դրա ինչ-որ մասին՝ ունենալով այլընտրանքային դիրքորոշում ունենալով տվյալ հարցի շուրջ, սակայն չունենալով պետական կառավարման որոշումներ կայացնելու հնարավորություն:
Հասարակության քաղաքական կյանքը հետազոտելու և ընկալելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև ընդդիմության տարբերակումը կառուցողական և ապակառուցողական կամ ոչ կառուցողական տիպերի: Առաջինը ոչ միայն հակադրվում է իշխող քաղաքական ուժին և նրա քաղաքականությանը, այլև առաջարկում է այդ քաղաքականության իրականացման սեփական այլընտրանքային ծրագիրը, որը, ըստ այդ ուժերի, նախընտրելի է իշխող ուժի քաղաքականությունից և առավելագույն չափով համապատասխանում է հասարակության շահերին: Ընդդիմության այս տիպի լավագույն օրինակը «Նորին գերազանցության ընդդիմությունն» է Մեծ Բրիտանիայում, որը «ստվերային կառավարության» միջոցով մեծ դեր ունի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Քաղաքակիրթ հասարակություններում միայն կառուցողական այլընտրանքի առաջադրումը կարող է բարձրացնել ընդդիմադիր ուժի հեղինակությունը և մեծացնել այդ ուժի՝ իշխանության գալու հավանականությունը:
Ապակառուցողական դիրքորոշումն արդյունավետ չէ, քանի որ այլընտրանքային քաղաքական ծրագրի առաջադրման անկարողությունը վկայում է այդ ուժի պրոֆեսիոնալիզմի և երկարաժամկետ ծրագրերի բացակայության մասին, ինչն այդքան էլ գրավիչ չէ: Ապակառուցողական ընդդիմությունը հաճախ զբաղվում է պարզապես հասարակության զգացմունքների և կրքերի թեժացմամբ, սոցիալական լարվածության, սոցիալական կոնֆլիկտների առաջացմամբ՝ չունենալով գործողությունների որևէ հստակ ծրագիր:
Ընդիմությունների գործունեության տիպերից կարելի է առանձնացնել իշխանությունների հետ մրցակցող և փոփոխությունների գնացող ուժեր:
Իշխող և ընդդիմադիր ուժերի մրցակցությունը վերաբերում է հիմնականում որևէ կոնկրետ օրակարգային խնդրի վերաբերյալ իրականացվող քաղաքականությանը (օրինակ, արդյոք անհրաժե՞շտ է ավելացնել հարկային բեռը երկրի ամբողջ բնակչության, թե՞ միայն ունևոր դասի համար, արդյոք տվյալ պահին կարիք կա՞ ստեղծելու հակաօդային պաշտպանության համակարգ և այլն): Հետևաբար՝ քաղաքական համակարգի ամբողջական փոփոխության ձգտող ընդդիմությունը կա՛մ գործում է ոչ ժողովրդավարական վարչակարգի պայմաններում և փորձում է իրականացնել անցում, կա՛մ գործում է ժողովրդավարական համակարգում, սակայն, հակադրվելով վերջինիս, ձեռք է բերում ոչ ժողովրդավարական քաղաքական ուժի համբավ: Այս տիպի ընդդիմության օրինակ կարող է ծառայել Լեհաստանում 1980-թվականներին ի հայտ եկավ «Համերաշխություն» արհմիությունը: Այդպիսին էր նաև դեռևս 1960-ական թվականներից գործող ԱՄԿ-ն ՀԽՍՀ-ում:
Իշխանության փոփոխության ձգտող ընդդիմությունը գործնականում ամենից հաճախ հանդիպող տիպն է: Այս կատեգորիայի մեջ գտնվող ընդդիմադիր ուժերն ընդունում են առկա խաղի կանոնները, սակայն անմիջական պայքարի մեջ են գործող իշխանությունների հետ որոշումների կայացման հարցում վճռորոշ դեր ունենալու համար: Նման դեպքում հասարակական համակարգի արմատական վերափոխման պահանջ, բնականաբար, չի դրվում: Այս տիպի մեջ կարելի է դիտարկել 2013թ.-ի ընտրություններից հետո խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ընդունելով ՀՀ ժողովրդավարական ուղին, այնուամենայնիվ, առաջ քաշեցին իշխանափոխության գաղափարներ:
Արմեն Հովասափյան