Բաբայան Սամվելը խոսեց, խոսեց երկար ու․․․ ավելի լավ է չխոսեր։ Ասել, որ հիասթափված եմ՝ կնշանակի ոչինչ չասել։ Ու հիասթափությունս ոչ թե տվյալ անհատի անձնային որակներին է վերաբերում, այլ Սամվել Բաբայան ռազմական գործչին։ Հենց ինքը՝ Բաբայանը, հենց այս հարցազրույցում գանգատվում էր, որ «գեներալսկի» շորերը հագնում են ու կոլխոզի պետի մակարդակի հայտարարություններ են անում։ Նա իրավացի է, ի՜նչ խոսք, բայց ցավն այն է, որ այս հարցազրույցն էլ ոչ այլ ինչ էր, քան կոլխոզի պետի մակարդակի խոսակցություն․ ինչ-որ հեծանիվներ է հայտնագործում ու ակնկալում, որ մարդիկ էշ են ու ոչինչ չեն հասկանում։
- Ասում է անսպասելի դիվերսիոն հարձակում էր, որ անսպասելի հաջողվեց ու անսպասելի բարդացավ։
Էհ, տենց անսպասելի է՞լ հենց մարտերի վայրերում հայտնվեցին Ադրբեջանի կողմից ձեռք բերված գրեթե ողջ ժամանակակից միջոցները՝ տանկերը, հրետանին, ԱԹՍ-ները, Սմերչերն ու Սոլնցեպյոկերը։ Անսպասելի՞ ամբողջ սպեցնազն ու հատընտիր ստորաբաժանումները մարտի նետվեցին, և մեր դիրքերում ու դրա մատույցներում գոնե մի հատ ադրբեջանցի ժամկետայինի դիակ չգտան։ Ու հա՛, անսպասելի միաժամանակյա հարձակում էր՝ սահմանի տարբեր կետերում։
- Ասում է պետք է սահմանը լավ պահեն, զորքերը առաջ տան և այլն։
Ես էլ հարցնում եմ, բա հարգելի՛ Սամվել Բաբայան, ինչի՞ դրանով չէիք զբաղվում բանակի հրամանատար եղած ժամանակ։ Թե՞ էն ժամանակ երկրորդ էշելոնի զորամասեր չկային, կամ էլ շփման գիծն էր ավելի կարճ։
- Ասում է պետք է այնպիսի հուսալի պաշտպանություն ունենաս, որ Ադրբեջանն անի ամենը կռվից խուսափելու համար ու համաձայնվի կնքել խաղաղություն մեզ շահեկան պայմաններով։
հարգելի՛ Սամվել Բաբայան, բա 1994 թվականին, Ձեր իսկ խոսքերով, Ադրբեջանը խուճապահար նահանջում էր ու դուք փայլուն օպերացիաներ էիք իրականացնում (ճի՛շտ է), որոնք դուք կազմում էիք լրիվ ինքնուրույն (սո՛ւտ է), բա որ էդքան հեշտ բանաձև կար խաղաղության պայմանագրի հասնելու, ինչո՞ւ չհասանք։
- Ասում է հետևակը պետք է ունենա միջոցներ (օպտիկայի ու տարատեսակ տեսանելության սարքերի մասին է), որ հակառակորդը չկարողանա 500 մետրից մոտենա ավելի մոտենա։
Հարգելի՛ Սամվել Բաբայան, հասկանում եմ, որ Մոսկվա տեղեր էիք, բայց ձեռքի հետ բացատրեիք, էլի, թե նույնիսկ ամենաթույն օպտիկայիով ու ջերմադիտակներով ավտոմատից նույնիսկ ամենաքնձռոտ տանկին ո՞նց են կանգնեցնելու։ Էլ չխոսեմ Տ-90-ների ու Իսրայելում մոդերնիզացված Տ-72-ների մասին։ Էլ չխոսեմ, որ Առաջին աշխարհամարտը վաղուց ավարտվել է, որ մենակ հետևակով առաջանան ու մենակ հետևակով կարողանաս պահես դրան։ Հիմա աշխատում է հրետանի, աշխատում են ԱԹՍ-ներ, անգամ ուղղաթիռներ էին կիրառել, ինչի՞ մասին է խոսքը։
- Ասում է՝ հպարտ դեմքով, որ մենք 6000 կորցրեցինք այն պատերազմին, իսկ ադրբեջանցիք դրանից 5 անգամ շատ։ Ու ասում է դա, ասես մի այլ կարգի աննախադեպ արդյունք է։
Հարգելի՛ Սամվել Բաբայան, 4 օրվա զոհերի հարաբերակցությունն առնվազն էլի 1-ին 5 էր, իսկ տարբեր աղբյուրների հաշվարկներով՝ մինչև 1-ին 8 ու անգամ՝ մինչև 1-ին 30։ Հետո, 90-ականներին ֆիդայի-աշխարհազորայինը ֆիդայի-աշխարհազորայինի դեմ էր, իսկ հիմա 18-20 տարեկան զինվորը սպեցնազի դեմ էր։ Ուրիշ լա՞վ եք։ Գլուխ գովալ ուզո՞ւմ եք դեռ, թե՞ մոռանում եք սեփական իսկ խոսքերդ, որ կռվի ժամանակ նահանջներ էլ են լինում։ Երևի Հորադիզի նահանջը մոռացել եք ու մեկ օրում հարյուրից ավել զոհերն էլ՝ հետը։
- Ասում է Ադրբեջանի հետ չենք կարող մրցել զենքերի առևտրով, պետք է եղած զենքերը չեզոքացնող զենքեր գնենք։
Հարգելի՛ Սամվել Բաբայան, կբացատրե՞ք թե ասենք Դ-30-ի ու Դ-20-ի արկերը խոցելու ի՞նչ միջոցներ պետք է առնենք։ Իսրայելն ունի «Երկաթե գմբեթ» համակարգ, որը կարողանում է ընդհուպ մինչև Գրադի հրթիռ խոցել, բայց ոչ հրետանային արկեր, բայց դրա արժեքը 30-40 միլիարդ է։ Հիմա դուք ռազմական գործչի վերլուծությո՞ւն եք անում, թե՞ սեղանի շուրջ կենաց եք ասում։
- Ասում է հրետանին չի աշխատել ամբողջ առաջին գծով ու մեր օդային զորքերին հարված չի հասցրել։
Հարգելի՛ Սամվել Բաբայան, շատ վատ է, որ նախկին գեներալ-լեյտենանտը չի կարողանում օդային զորքերը տարբերել հակաօդային զորքերից՝ ՀՕՊ-ից։ Շատ վատ է, որ հակաօդային պաշտպանության վերաբերյալ Ձեր գիտելիքները մնացել են ձորից-ձոր երկաթյա ցանցեր կախելու մակարդակի վրա ու էլ առավել վատ է, որ սխալ ինֆորմացիան հրամցնում եք՝ որպես իրականություն․ հրետանին մշակել է առաջին գիծը ողջ երկայնքով ու նաև աշխատել է խորքի վրա։ Արցախում չկա այդպիսի մարտական դիրք, որի վրա հրետանային կրակ չի վարվել այդ 4 օրերին։
Մի խոսքով, հիասթափված եմ անչափ։ Ես երբեք էլ չեմ իդեալականացրել Սամվել Բաբայանի կերպարը, բայց մինչև այս հարցազրույցը ես կարծում է, որ ի հեճուկս բոլոր իր անձնային թերություններին, նա գոնե լուրջ ռազմական գիտելիքներ ունեցող ու որոշակի հակասականությամբ զորահարմանատար է, այնինչ պարզվում է, որ հերթական մեկն է, ով որոշել է իր վրա փորձել համազգային փրկչի ձախողված դերը։
Արման Աբրահամյան