Հատկապես քառօրյա պատերազմի օրերին ակնհայտ դարձավ, որ, ըստ ամենայնի, Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից սնուցվող թեև սակավաթիվ, սակայն բացահայտ հակահայկական և հակաիրանական դիրքորոշումներ ունեցող շրջանակներ գործունեություն են ծավալում հատկապես Ատրպատականի թյուրքալեզու բնակչության որոշ խավերի շրջանում:
Այս համատեքստում խիստ կարևորվում է ոչ միայն հենց Ատրպատականում հայկական դիրքերի ամրապնդումը, ընդ որում՝ նաև իրանական պետության և տեղի իրանամետ մտավորականության ամենագործուն աջակցությամբ, այլև պանթյուրքիստական ազդեցությունից բոլորվին զերծ Իրանի այլ տարածաշրջաններում հայամետ շրջանակների միջոցով, ասենք այսպես, «ատրպատականյան նժարի հավասարակշռումը» ներիրանական կյանքում:
Տվյալ առումով չափազանց հրապուրիչ է թվում հատկապես հայամետ տրամադրությունների սերմանման համար պարարտ հող ունեցող իրանալեզու գիլանցիներով և թալիշներով բնակեցված Իրանի մերձկասպյան Գիլան նահանգը՝ շրջան, որը ոչ միայն սերտ պատմամշակութային աղերսներ ունի Հայաստանի և հայության հետ, այլև կարևորագույն տնտեսական և տրանսպորտային դերակատարություն՝ Իրանից դեպի հյուսիս ծովային և ցամաքային ելքի ապահովման, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանակից լինելու տեսանկյունից:
Առաջին հայացքից միգուցե համարձակ, բայց, ըստ էության, բավական ուժեղ քայլ կարող է լինել Գիլանի կենտրոն Ռաշտ քաղաքում որևէ ինստիտուցիոնալ ձևաչափով Հայաստանի ներկայության ամրակայումը, ինչը հնարավորություն կընձեռի կենտրոնացված կերպով իրականացնել նշված աշխատանքները հենց տեղում:
Ընդ որում, հարկ է նշել, որ ժամանակին այս քաղաքում է ապրել և գործել նահանգի բնակչության կողմից գրեթե աստվածացվող հռչակավոր հայ դեղագործ և բարերար Արսեն Մինասյանը՝ տեղացիների շրջանում հայտնի «Գիլանի Քրիստոս» մականունով, ուստի նաև քարոզչական իմաստով շատ բնական և տրամաբանական կլինի, որ, պատկերավոր ասած, «Քրիստոսի» պատմական հայրենիքը լուրջ ներկայություն ունենա հենց Գիլանում:
Վարդան Ոսկանյան