Այն որ ապրիլի սկզբին Արցախյան ճակատում ծավալված ակտիվ ռազմական գործողությունները մեծ հոգեբանական այլափոխումներ առաջացրեցին հասարակության շրջանում ակնհայտ է, տարիներ շարունակ շաբլոն դարձած այն արդարացումները, թե պետական բյուջեի գումարների նշանակալի մասն ուղղվում է Հայոց բանակի խնդիրների լուծմանն ու այդ թվում նաև՝ սպառազինմանը, մեղմ ասած այլևս «ականջահաճո չէ»:
Գուցե մտածենք, որ շատ խիստ ենք դատում. և կար վերոնշյալի մեջ նաև ճշմարտություն, և պետության փողերը ուղղվում էր այդ վեհ գործին: Սակայն, այդ նույն ժամանակ ինչու չկար լուրջ վերահսկողություն պետական միջոցների բաշխման և օգտագործման գործընթացի նկատմամբ: Չէ որ այդ դեպքում արդարանալու կարիք էլ չէր լինի, և իրականությունն այլ կլիներ, քանզի համապատասխան գումարներով տրամաբանորեն հնարավոր կլիներ ծախսերն իրականացնել ըստ առաջնային ուղղությունների և տեղին, ըստ այդմ էլ, կարտահայտվեր պետության համարժեք վերաբերմունքն առաջին հերթին՝ հանդեպ մեր իսկապես որ արժանի հերոս զինվորների:

 


Մյուս կողմից, հիշատակված ապրիլյան կարճատև պատերազմը, կարծես, սթափեցնող եղավ նաև պետական ապարատի, իշխող պատասխանատուների համար (դե այս պահին առնվազն տպավորությունն այդպիսին է): Եղան պաշտոնանկություններ… թեև կարելի էր այդ շարքը շարունակել: Հնչեցին նաև հայտարարություններ՝ գործադիր իշխանության մակարդակով: Խոստումները բազմաթիվ են, անկեղծ՝ նաև հուսադրող, բայց ինչ սպասել այդ ամենից: Արդյո՞ք իշխանությունները պատրաստ են այս անգամ իրականացնել խոստումներից առնվազն մի քանիսը: Եթե այո, ապա ինչի՞ն եք սպասում, ի՞նչ կա այդքան երկար-բարակ մտածելու:

 


Ընդամենը մեկ պարզ դիտարկում. Ցանկության դեպքում կարելի է ընդամենը մի քանի օրում հաշվարկել և ապա ևս հաշված օրերի ընթացքում լուծել այդքան չարչրկված ծառայողական մեքենաների կրճատման հարցը, իսկ խնայած միջոցներն անհապաղ ուղղել ինչու ոչ, հենց բանակի իրական սպառազինման կարևորագույն գործին:

 


Արման Ղարիբյան