0 էմոցիոնալություն, 0 պոպուլիզմ, 0 իմպուլսիվություն և միայն չոր պրագմատիզմ։ Եկեք հասկանանք, թե ինչ է տալու դրոշը ցույց տալը, ու ինչ առավելագույն ռիսկեր է պարունակում դա, ինչպես նաև այն տարբերակը, եթե ենթարկվենք կազմակերպիչների պահանջին ու ցույց չտանք։

Դրոշ ցույց չտալու «պլյուսներն» ու «մինուսները»

Հարբերական միակ «պլյուսը» նրանում է, որ հետագա բարդացումներ չեն լինի այս մրցույթին մասնակցելու համատեքստում և հետագա սանկցիաներ չեն լինի։ Ուրիշ առավելություն չեմ կարողանում մտածել։

 

 

Փոխարենը՝ մի շարք բավականին լուրջ մինուսներ կան։ Նախ, Ադրբեջանն է սկսելու չարախնդալ, թե բա տեսա՜ք, հայերի վրա մատ թափ տվեցին ու իրենք հետ քաշվեցին։ Ադրբեջանցիներն էլ մի կողմ․ եթե մենք գիտեինք, որ դրոշը ցույց տալը խնդիրներով էր հղի և այնուամենայնիվ ցույց տվեցինք, ապա ի՞նչ տարամաբանությամբ չպետք է անենք նույնը եզրափակչում։ Մի տեսակ անլրջություն կլինի․ եթե ասում ենք «Ա»-ն, ապա պետք է «Բ»-ն էլ ասենք։

 

 

Դրոշ ցույց տալու «պլյուսներն» ու «մինուսները»

Վատագույն դեպքում ի՞նչ պետք է անեն։ Որակազրկե՞ն մեզ ու ոչ թե այս, այլև առաջիկա մեկ կամ մի քանի տարիների համար։ Էհ թող որակազրկեն։ Ինձ թվում է, որ ազգային մասշտաբով դա ամենևին ողբերգություն չէ։ Ողբերգություն կարող է լինել շատ-շատ Գոհար Գասպարյանի ու Եվրատեսիլի հայաստանյան թիմի համար, բայց դե դա արդեն անհատների խնդիր է լոկ։ Ասեմ ավելին, տարեկան մի քանի տասնյակ հազար հազար դոլար կազմող անիմաստ ծախսից կխուսփենք։ Այո՛, մեղավոր եմ․ ես շարունակում եմ Եվրատեսիլին մասնակցելը համարել անիմաստ ծախս մեծ հաշվով։

 

 

Հաշվի առնենք, որ ոչ մի տարբերակով մեզ թույլ չեն տալու հաղթել, անգամ եթե դրա ռեալ հնարավորություն լինի։ Որքանով հասկանում եմ, հաղթացնելու են Ուկրաինային, որի ակնհայտորեն քաղաքականացված երգը կարծես թե ոչ մի հարցեր չի առաջացնում կազմակերպիչների մոտ, այնինչ մեզ անցած տարի ստիպեցին 1915 թիվը հանել անգամ։

Պլյուսներն էլ հիմնականում քարոզչական դաշտում են։ Որքան ավելի հնչեղ ու սկանդալային պատմություն ապահովվի դրոշի թեմայով, այնքան ավելի շատ ուշադրույուն կգրավվի արցախյան հիմնախնդրի վրա։ Ընդ որում, ուշադրությունը ոչ միայն եվրատեսիլյան անօգուտ լսարանի կողմից, այլ ավելի լայն ու լուրջ շրջանականերից։ Ավելի կարևոր կիրառություն կարո՞ղ ենք մտածել մեր՝ այս հիմար մրցույթին մասնակցության համար։ Կարծում եմ, որ ոչ։

Այնպես որ, լա՛վ ենք արել ցույց ենք տվել, լա՛վ կանենք, որ էլի ցույց տանք։ Ջհանդամ, թե չեն որակազրկի:

 

 

 

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան