Թուրքիայի քաղաքական կուլիսներում քննարկվում է վարչապետ Դավութօղլուի հեռացման հարցը. Նախօրեին Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստում Դավութօղլուն բավական բուռն ու էմոցիոնալ ելույթ ունեցավ, որը գնահատվեց որպես հրաժեշտի խոսք: Վերջին շրջանում թուրքական մամուլում բավական շատ էր գրվում Էրդողան-Դավութօղլու հակասությունների և քողարկված հակամարտության մասին, և այն, որ վարչապետը զրկվել է իրական իր լիազորություններից, այդ թվում նաև' որպես կուսակցության նախագահ: Նույնիսկ մի շարք լիազորություններ, որոնք վերաբերում են որոշումների կայացմանը, Էրդողանը պահում է իր ձեռքում:
Օրեր առաջ հրապարակվեց անանուն մի «տեղեկանք», որտեղ մանրամասն ներկայացվում էին Էրդողան-Դավութօղլու հակամարտության կոնկրետ ոլորտներն ու խնդիրները: Ի դեպ, թուրքական ընդդիմադիր մամուլը գրում է Դավութօղլուի հավանական հրաժարականի և վարչապետի պաշտոնում Էրդողանի փեսա, ներկայում էներգետիկայի նախարար Ալբայրաքի նշանակման մասին: Որոշ աղբյուրների պնդմամբ էլ' Դավութօղլուն դեռ վաղուց կարևոր հարցով առաջացած անհամաձայնության պատճառով հրաժարականի դիմում էր ներկայացրել, բայց Էրդողանը չէր ընդունել: Այսօր նախագահական նստավայրում նախատեսված է Էրդողան-Դավութօղլու հանդիպում և ողջ լրատվական-քաղաքական դաշտը սևեռված է դրա վրա:
Երեկ, երբ Դավութօղլուն ելույթ էր ունենում կուսակցության խմբակցության նիստում, Էրդողանի գլխավոր խորհրդական Մուստաֆա Աքըշը թվիթերյան իր կատարել է հետևյալ գրառումը և նշել, որ այն կարելի է կարդալ ինչպես ձախից աջ, այնպես էլ' աջից ձախ. այս պահին վիճակը սա է- «Թուրքիա=Էրդողան=ԱԶԿ»:
Լևոն Հովսեփյան