Ինձ համար մարդկային կյանքն անգին է, չկա մի իրավիճակ որը կարդարացնի թեկուզ մեկ մարդու սպանություն, եթե իհարկե այդ մարդը չի սպառնում մեկ ուրիշի կյանքին, կամ չի խլել մեկ ուրիշի բաժին ուրախությունը:
Երեխաներն ազգություն չունեն, չունեն նաև մաշկի գույն, նրանց պետք չէ ցավ պատճառել, իսկ նրանց համար ցավ է իրենց ծնողների կորուստը, չկա ազգություն ցավի ժամանակ:
101 տարի առաջ թուրքերը որբացրեցին շատերին, 101 տարի առաջ թուրքերը ժպիտներ խլեցին ու այսօր նրանք չեն ցանկանում ընդունել իրենց մեղքը: Չի դատապարտվել 101 տարի առաջվա ոճրագործությունն, ուրեմն աշխարհը կտեսնի նորը, կորբանան նոր մանուկներ: Ունենք ցավ հենց այսօր, մեր աչքի առաջ որբացան եզդի երեխաները, ու մենք լո՞ւռ ենք:
Ծիծեռնակաբերդի բարձրունքը միայն հայերի ցավի համար չի կառուցվել, այնտեղ են ամփոփված են հույները, սերբերը, ասորիները, ռուանդացիները, եզդիները, հրեաները, լեհերը և ողջ մարդկության պատմության ընթացքում խոշտանգվածները և եթե անգամ կան կոտորված թուրքեր՝ Ծիծեռնակաբերդը նաև իրենցն է: Ծիծեռնակաբերդը, այն սև գիծն է, որը մնալու է մարդկության սրտին այնքան ժամանակ, քանի դեռ դեպքերն իրենց արդար անվանումը չեն ստացել, բայց անգամ ճանաչումը չի բերելու վերքի լավացմանն, այլ սպիանալու է ու մնալու է առհավետ:
Ես չեմ ցանկանում, որ աշխարհում նոր ծիծեռնակաբերդեր վեր խոյանան, ես չեմ ցանկանում, որ մարդկանց սրտում նոր սպիներ առաջանան: Այս օրը հայերի ցավը չէ, այս օրը մարդկային ցավի ու սխալների համաշխարհային օրն է:
Էդգար Խաչատրյան