Բավ է նեղանալ Ռուսաստանից, պարզապես անհրաժեշտ է Ռուսաստանից օրինակ վերցնել, ահա թե ինչպես: «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասարապես կարևոր ռազմավարական գործընկերներ են»,- այս մասին ռազմական գործողությունների թեժ օրերին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փաստորեն, ըստ Ռուսաստանի պաշտոնական մոտեցման, ՀԱՊԿ անդամ Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից, հակառուսական տարածաշրջանային նախագծերի մասնակից Ադրբեջանը հավասար հարթությունում են դիտվում:

 


Սա նշանակում է, որ Հայաստանն իր հերթին կարող է իրեն իրավունք վերապահել հավասար հարթության մեջ դիտել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, երկուսն էլ հավասարապես կարևորել: Այսինքն' ռազմավարական գործընկերություն զարգացնել, եթե ոչ անգամ ՆԱՏՕ-ի, ապա Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Հայաստանին դրեցին երկու քարի արանքում' պարտադրելով որոշում կայացնել Եվրամիության ու ԵՏՄ-ի միջև՝ սպառնալով մեր անվտանգությանն անգամ:

 


Եթե այդ ընտրության արդյունքում իրավիճակը մեր օգտին չի փոխվել, այլ հակառակը, միայն բարդանում է, իսկ մեր դաշնակիցը մեր թշնամուն հավասարապես կարևոր է համարում իր համար, ապա մեր խնդիրն է ընդունել այդ քարտ-բլանշը: Կարելի է պարզապես հարմար պահին Եվրամիության հետ սկսել նոր գործընթաց' զուգահեռաբար ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում կաթվածահար անելով «անբարեխիղճ դաշնակիցների» աշխատանքը:
Ահա սա կլինի մեր արժանապատիվ պատասխանը, այլ ոչ թե ամեն օր լաց ու կոծ կապելն ու բողոքելը: Ռուսներն ունեն մի շատ դիպուկ խոսք' «Какой привет, такой ответ»: Եվ սրանում չկա որևէ հակառուսականություն, սա զուտ քաղաքականություն է կամ «Ничего личного, просто бизнес», ինչպես ռուսական կողմը հիմնավորում է զենքի վաճառքն Ադրբեջանին:

 

Տիգրան Խաչատրյան