Թերթերի, Բարդայի և Աղդամի շրջանների ուղղությամբ հրետանային հարվածները կարևոր նշանակություն ունեն թե՛ ռազմաքաղաքական, և թե՛ բարոյահոգեբանական տեսանկյունից: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ-ը և այլն պետք է հասկանան, որ սրտի ուզած ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը Բաքվի մենաշնորհը չէ: Այս օրերին Թերթերի, Բարդայի և Աղդամի փաստացի ամայացումը հետևանք է այն վարքագծի, որ միջազգային հանրությունը չի ցանկանում հրապարակավ Ադրբեջանին մեղադրել ու դատապարտել նախահարձակ գործողությունների համար, իսկ հայկական կողմը ստիպված է ապացուցել, որ Ադրբեջանի բանակի ոչ մի ագրեսիվ քայլ անհետևանք չի մնալու:
Ըստ էության, հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս օրերին միջազգային հանրությանը գործով բացատրում է, որ միգուցե Ադրբեջանը կարող է սկսել պատերազմ իրեն հարմար պահին, բայց չի կարող ավարտել, երբ ցանկանա: Հայկական հրետանու գործողությունը դրա ապացույցն է: Այլ կերպ ասած՝ հայկական կողմը բոլորին ցույց է տալիս, թե ո՞վ է իրավիճակի իսկական տերն ու կանոններ թելադրողը:
Ինչ վերաբերվում է բարոյահոգեբանական մասին, ապա հայկական բանակն այս օրերին զրկում է Բաքվի իշխանությանը ներքին սպառմանը միտված թեկուզ ժամանակավոր, թեկուզ շատ էժան ու թույլ քարոզչական խաղաքարտից առ այն, որ Ադրբեջանի բանակը հենակետեր է վերցրել ու հաղթական պատերազմ է վարել:
Ադրբեջանցին հիմա իր մաշկի վրա է զգում ալիևյան արկածախնդրության ողջ հետևանքը ու հարցեր է ուղղելու իշխանությանն առ այն, թե ինչպե՞ս եղավ, որ բանակը հաղթեց, բայց անգամ կես գյուղ չնվաճեց, ինչպե՞ս եղավ, որ բանակը հայերին ջախջախեց, բայց նրանք ամայացրեցին Թերթերի ու Բարդայի շրջանները, Աղդամի ադրբեջանական հատվածի գյուղերը: Ինչպե՞ս եղավ, որ բանակը հաղթեց, բայց հայերը շփման գծի ողջ երկայնքում տարերքի մեջ են, ի՞նչ ուզում՝ անում են, իսկ ու՞ր է Ադրբեջանի հաղթական բանակը... Կարճ ասած, մերոնք այս օրերին Ադրբեջանի ժողովրդին ուղղում է դեպի 93-94թթ. խորը դեպրեսիայի շրջան:
Միհրան Հակոբյան