Սահմանային բախումներ սանձազերծած Ադրբեջանի՝ իր նպատակին չհասնելը, հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակը հարգելու հետ մեկտեղ հայրենասիրության հողի վրա այսօրվա համընդհանուր ոգևորվածությունը վաղը կարող է փոխարինվել ավելի ծանր ապատիայով, եթե փոփոխություններ չկատարվեն ներքաղաքական կյանքում:
Դժբախտաբար, կյանքը ցույց է տալիս, որ արտաքին թշնամու դեմ բռունցքված ուժը այնուհետև տեղապտույտ է տալիս, երբ անզոր է գտնվում ներքին խնդիրներին դեմ հանդիման: Սովորաբար ժողովրդական բանահյուսության մեջ մարդուն տրվում է երեք հնարավորություն ինչ-որ հարց լուծելու առումով:
Երկուսը՝ անկախության ձեռքբերումն ու ազատամարտում հաղթանակը, մենք արդեն «մսխել» ենք, այս օրերի ոգևորվածությունը երրորդն է, և եթե մենք այս մեկը ևս կորցնենք, ապա հետագա սերունդները մեզ չեն ների, եթե, իհարկե, նրանք ապրեն այս հողակտորի վրա, որ կոչվում է Հայաստան, և խոսեն ու մտածեն հայերենով:
Վախթանգ Սիրադեղյան