Դատելով ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկություններից կարելի է ասել, որ ներկայումս ԼՂՀ-ԱՀ զինված ուժերի բաժանարար գծի շրջանում տեղի ունեցող իրադարձություններն, ընդհանուր գծերով, կրկնում են 2014 թվականին ադրբեջանական զինուժի կողմից հայկական մարտական ուղղաթիռի խոցմանը հետևած իրավիճակը:

 

Գուցե այժմ ընթացող մարտական գործողությունների տարածքային ընդգրկումն է ավելի մեծ և կիրառվող զինատեսակների անվանացանկն է ընդլայնվել: Հասանելի տեղեկատվությունը թույլ չի տալիս պնդել, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողություններn անմիջականորեն լայնածավալ պատերազմ սկսելու և ռազմական ճանապարհով Արցախը գրավելու նպատակն են հետապնդում: Տվյալ պահին առավել հավանական տարբերակն այն է, որ պաշտոնական Բաքուն այս կերպ փորձում է նոր իրավիճակ ստեղծել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում՝ Մինսկի խմբի համանախագահության հասցեով Իլհամ Ալիևի կողմից հնչեցվող կոշտ քննադատության և պատերազմական գործողությունների դիմելու սպառնալիքների համատեքստում իրավիճակի նման թեժացումը սպասելի էր և կանխատեսված, հատկապես այս օրերի համար՝ երբ ԱՀ և ՀՀ գործող ղեկավարները միաժամանակ գտնվելու էին Վաշինգտոնում:

 

Բազմիցս ասել եմ ու չեմ զլանա կրկնել մեկ անգամ ևս՝ հայկական կողմերը կարող են հանդես գալ նոր քաղաքական, իրավական ու դիվանագիտական նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան ինչպես բարելավել մեր բանակցային դիրքերն ու մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար նախադրյալներ ստեղծել, այնպես էլ կապահովեն էական քաղաքական առավելություններ անգամ այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, լայնածավալ պատերազմական գործողությունները վերսկսվեն: Եթե ԱՀ և ՀՀ ներկայիս ղեկավարները դեռ գտնվում են ԱՄՆ-ում, ապա իրավիճակի այս թեժացումը կարող է նաև առիթ դառնալ նրա համար, որ օպերատիվ կերպով կազմակերպվի Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Եթե նման հանդիպում կայանա, ապա ամերիկյան կողմը կարող է հանդես գալ նոր նախաձեռնություններով:

 

Արման Մելիքյան