Այս տարվա հունիսի25-ից հուլիսի 4-ը տղամարդկանց բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցելու է փոքր երկրների տղամսրդկանց բասկետբոլի 2016թ Եվրոպայի առաջնությանը: Հայտնի է դարձել, որ մասնակից երկրների թիվը պակասել է մեկով: 9-ի փոխարեն ստուգատեսին կմասնակցի 8 երկրի հավաքական:
Մոնակոն հրաժարվել է ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Այսպիսով, B ենթախմբում ընդգրկված գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ հավաքականի մրցակիցների թիվը պակասել է մեկով: Մեր ընտրանին ենթախմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի( հունիսի 28-ին) ,Անդորրայի (հունիսի 29-ին) եւ Ուելսի (հունիսի 30-ին)հավաքականների հետ: Ա ենթախմբում ընդգրված են Իռլանդիան, Սան Մարինոյի, Ջիբրալթարի ու Մալթայի ընտրանիները: Ենթախմբային մրցաշարերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած ընտրանիները կմտնեն կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը ու Քիշնևի եվրոպական ստուգատեսում իր նորամուտն է նշելու:
Արամ Ուգուջյան