Զապել Եսայանի 1919 թվականի արտասահմանյան անձնագիրը... Ներկայացնում ենք մի ուշագրավ ախիվային փաստաթուղթ, որը պահվում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Պատկերում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության արտասահմանյան ժամանակավոր անձնագիրն է, տրված Զապել Եսայանին 1919 թվականի սեպտեմբերի 15-ին Փարիզում:
Այդ ժամանակ Զապել Եսայանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում էր Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքներին, և փաստաթղթում նշված է, որ «նա, իր 18 տարեկան դստրոջ՝ Սոֆիի հետ մեկնում է Անգլիա և այնուհետև կրկին վերադառնալու է Փարիզ» (փակցված են երկուսի լուսանկարները): Ստորագրված է՝ «Փարիզի հաշտության կոնֆերանսի Հայաստանի պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյան», առկա է նաև պատվիրակության քարտուղարի ստորագրությունը: Ուշադրություն դարձրեք երկու կնիքներին. վերևում՝ Հայաստանի զինանշանով և ներքևում՝ Արարատ լեռան պատկերով: Նշենք, որ Փարիզի հաշտության կոնֆերանսը հրավիրել էին 1-ին համաշխարհայինում հաղթած պետությունները (այդ թվում՝ Հայաստանը)' պարտված պետությունների (այդ թվում՝ Թուրքիան) հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։
Զապել Եսայան (ծնվել է 1878-ին Պոլսում)՝ հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, ազգային գործիչ: Նա իր ժամանակի ամենակրթված հայուհիներից է եղել, սովորել է Սորբոնի համալսարանում, տիրապետել մի քանի լեզուների: Զապել Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրապարակել է հայոց Մեծ եղեռնի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ: Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Փարիզի մասնաճյուղի անդամը՝ զբաղվել հայ գաղթականների և որբերի օգնության հարցերով: 1933-ին հաստատվում է Խորհրդային Հայաստանում, սակայն 1937-ին շատերի նման անհիմն բռնադատվում է և աքսորվում՝ կրելով անլուր տառապանքներ: Մահացել է 1943-ին Բաքվի բանտում:
Ռուբեն Շուխյան