«...Առհասարակ ընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի հանրային եւ քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում: Դա, կարելի է ասել, ցանկալի տարբերակ է բոլորի համար: Բայց ամենից առաջ հենց այդ «լայնի» պահով են որոշ հարցեր ծագում՝ նամակով Լեւոն Զուրաբյանի ներկայացրած առաջարկության վերաբերյալ:
Նախ, ՀԿ-ների ներկայացուցիչների պահով: Հասկանալի է, որ ՀԱԿ-ն ամեն դեպքում առավելապես «յուրայինների» պիտի ներկայացներ: Բայց իսկապես էլ հետաքրքիր է, թե ի՞նչ ընդգրկում են ունեցել Լ.Զուրաբյանի նշած «ՀԿ-ների միջեւ կայացած խորհրդակցությունները», ինչպե՞ս եւ ովքե՞ր են քվեարկել: Իսկ եթե, ասենք, իշխանությունը առաջարկի այսինչ կամ այնինչ ՀԿ-ի ներկայացուցչին էլ ընդգրկե՞լ:

 


Իշխանությանը դեռ հանգիստ թողնենք: Իսկ ընթացքում, վաղը-մյուս օրը որեւէ հասարակական կազմակերպություն, որը «մասնագիտացած» է ընտրությունների հարցում, արդյոք չի՞ բողոքելու, որ «ձեւաչափից» դուրս է մնացել:
Երկրորդ. Լ.Զուրաբյանի առաջարկած տարբերակում իշխող կոալիցիան, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կազմելու են ձեւաչափի մեկ 4-ը, իսկ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ մյուս 4-ը:

 


Բայց այստեղ էլ ենթահարցեր են ծագում, որ նախորդ հարցերից ավելի էական են: Օրինակ, հենց նույն ՀԱԿ խմբակցության կազմում ընդգրկված են առնվազն 5 կուսակցության ներկայացուցիչներ՝ Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ), Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ), Հրանտ Բագրատյան («Ազատություն») եւ Նիկոլ Փաշինյան («Քաղպայմանագիր»): Ըստ որում, նշվածներից առնվազն 3 գործիչ, ըստ էության, օտարված է ՀԱԿ-ից: Հիմա ՀԱԿ-ն ո՞վ է ներկայացնելու այդ «կլոր սեղանի» շուրջ: Հասկանալի է, կներկայացնի Լ.Զուրաբյանը: Բայց հիշյալ առնվազն 3 գործիչների կամ կուսակցությունների բացակայության պայմաններում կարելի՞ է համարել, որ «լայն կոնսենսուս» եղավ:

 


Ավելին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած առաջարկության մեջ ո՞ւր են անհետացել արտախորհրդարանական ուժերը: Ինչո՞ւ ԱԺ-ում չներկայացված կուսակցությունները նկատի չեն առնվել: Սա ի՞նչ է, արհամարհա՞նք, թե՞ անուշադրություն: Բայց չէ՞ որ այդ կուսակցություններն էլ ասելիք կունենան նման կարեւոր նախագծի վերաբերյալ: Եվ առանց նրանց ասելիքը հաշվի առնելու կարելի՞ է խոսել «լայն կոնսենսուսի» մասին: Եվ միգուցե այդ ձեւաչափը պիտի «4+4+4+4» լիներ: ...»:

 

Արմեն Հակոբյան