Թուրքիան յուրաքանչյուր լուսաբացին ավելի է մոտենում լայնածավալ քաղաքացիական պատերազմի շեմին, և դա իսկական քաոսի կվերածի մեր տարածաշրջանի կյանքը։
Եթե Թուրքիայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իսկ ես գրեթե չեմ կասկածում, որ դա կլինի 2016թ․ ընթացքում, ապա աստիճանաբար հանգստացող և միջազգային հանրության ուշադրությունից աստիճանաբար զրկվող Սիրիային փոխարինելու է հենց Թուրքիան։ Թուրքիան կդառնա մասնատվող հաջորդ երկիրը, և ահաբեկչությունը Սիրիայից թափանցելու է նաև այդ երկիր։ Չնայած Թուրքիայում այսօր էլ շատ են ահաբեկչական ճամբարներ, բայց այլ է, երբ անբողջ երկրում վխտում են ահաբեկիչներն, ու կյանքը դառնում դժոխք, ինչպես հիմա Իրաքում ու Սիրիայում է։
Գուցե ոմանք այս դեպքում ասեն՝ տա Աստված, բայց ես ավելի կողմնակից եմ լարված, բայց կառավարվող Թուրքիայի։
Եթե ԻԼԻՊ-ը սկսեց պայթեցնել թուրքական քաղաքները, ապա
1․ միջազգային ահաբեկչության որջը ավելի կմոտենա մեր՝ ՀՀ սահմաններին,
2․ մենք ստիպված ենք լինելու լարված սահման պահել երկու ֆրոնտով (կապ չունի, որ արևմտյան հատվածում ռուսական զորքն է կանգնած),
3․ փաստացի Ռուսաստանին ավելի կմոտենա ահաբեկչական ճգնաժամը, ինչև գերտերությունների պայքարի ենթատեքստում է տեղավորվում,
4․ Թուրքիան Սիրիայի նման մասնատելու ծրագրերը ավելի հեշտ կիրականան,
5․ սիրիական հնագույն Պալմիրա և այլ պատմական հուշարձան բնակավայրերի ճակատագրին կարժանա Արևմտյան Հայաստանի՝ դեռևս պահպանված մեր ժառանգությունը։
Նաիրի Հոխիկյան