Այսօր Քնի համաշխարհային օրն է: Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) առաջին անգամ նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին: Այդ օրվանից ամեն տարի մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի և առողջության խնդիրներին վերաբերող նախագծի շրջանակներում նշվում է Քնի միջազգային օրը: Քունը օրգանիզմի գոյության յուրահատուկ ձև է, որի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, և առողջ մարդն արթնանում է թարմության ու ուժերի հորդման զգացողությամբ:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի մոտ 1/3-ն անցկացնում է քնած: Քնի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է նվազագույնի: Քնի խանգարումների հետ կապված խնդիրները մտահոգություն են առաջացնում բժիշկների շրջանում: Քնի խանգարման հետևանքով ավելանում են սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի, զարկերակային ճնշման, սրտային առիթմիայի, թրոմբոզների, շաքարային դիաբետի ռիսկերը:
Քնի խանգարումները կարող են բերել ցերեկային քնկոտության, աշխատանքի արդյունավետության իջեցման, ուշադրության կորստի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում առօրյա կյանքում՝ աշխատանքի վայրում, ավտոմեքենա վարելիս և այլն: Ռուս ականավոր սոմնոլոգ Ալեքսանդր Վեյնի դուստրը՝ Ալլա Վեյնը, ով ևս զբաղվում է սոմնոլոգիայի խնդիրներով, այսպիսի հետաքրքիր միտք է արտահայտել. «Երջանկությունն այն է, երբ հարազատներդ տանն են և քնած են»:
Սևակ Գրիգորյան