Մարտի 8-ին ընդառաջ՝ մինչ ողջ աշխարհը սրտատրոփ կերպով նախապատրաստվում է տոնելու այնքան սպասված «Կանանց միջազգային օրը», Սաուդյան Արաբիայում դեռևս փորձում են հասկանալ՝ «Արդյո՞ք կինը նույնպես մարդ է»: Այսպես, վերոնշյալ երկրի կրթօջախներից մեկում՝ «Սաուդյան կոնսալտինգի ակադեմիայում» որոշել էին մարտի 1-ից նոր դասընթաց մտցնել՝ «Արդյո՞ք կինը ևս մարդ է» անվանումով: Մինչդեռ սոցիալական ցանցերի արաբական հատվածում բարձրացված մեծ աղմուկը ստիպեց կազմակերպիչներին՝ հրաժարվելու նման մտահղացումից:

 


Իսկ դասընթացի հեղինակ Ֆահադ աբդ ալ-Ազիզ ալ-Ահմադին մեկնաբանում է նման կուրսի անցկացման անհրաժեշտությունը՝ հասարակության շրջանում կնոջ իրական տեղն ու դերը մատնացույց անելու տեսանկյունից՝ բացառելու համար առկա տարաբնույթ հալածանքներն ու զրկանքներն իգական սեռի նկատմամբ՝ նաև հիմնավորելով իր տեսակետերը իսլամում առկա դրույթներով:

 


Պետք է նշել, որ կանանց իրավունքների տեսանկյունից չափազանց ցածր մակարդակում գտնվող Սաուդյան Արաբիայի Թագավորությունում նման բնույթի ծրագրեր նախկինում ևս իրականացվել են, իսկ, օրինակ, 2011 թ. նույնանման խորագրով անցկացված դասընթացը որևէ դժգոհություն չի առաջացրել երկրում. փաստորեն, կարելի է արձանագրել, որ 5 տարվա ընթացքում սաուդյան հասարակության գիտակցության աստիճանն ակնհայտորեն աճել է:

 

 

 

Արմեն Պետրոսյան