Սաուդյան Արաբիայում համակողմանի ակտիվ քարոզչություն է իրականացվում գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանի հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ, որը զգալիորեն սասանվել էր 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում սաուդյան հյուպատոսությունում այլախոհ Ջամալ Խաշոկջիի սպանության աղմկահարույց միջադեպի պատճառով:
Վերոնշյալի ամենթարմ օրինակը Թագավորական դատարանի հայտարարությունն է գահաժառանգ արքայազնի գլխավորած հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ, որոնց արդյունքում թագավորության կառավարությանը վերադարձվել է 106,6 մլրդ դոլար: Իսկ այս գործընթացի ամենաէական արդյունքները կապված են ևս մեկ աղմկահարույց միջադեպի հետ, երբ դեռևս 2017թ. նոյեմբերին Մուհամադ բին Սալմանի հրահանգով ալ-Ռիադի Ritz-Carlton հյուրանոցում ձերբակալվել և շուրջ 80 օր կալանքի տակ էին պահվել թագավորության մի քանի տասնյակ արքայազներ: Հենց նրանցից 87-ի ֆինանսական ակտիվների և անշարժ գույքի՝ պետությանը տրամադրելու արդյունքում էլ գոյացել է վերոնշյալ կլորիկ գումարը: