Իհարկե, անհրաժեշտ նախապայման է, որ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անհատը ունենա անհրաժեշտ գիտակրթական բազա և այն արժանվույն կերպով ու տեղին օգտագործելու ունակություններ: Սա այն նվազագույն շեմն է, որ պետք է հաղթահարի պետական այրը:
Բայց եթե այդ գիտակրթական բազայից զատ, պաշտոնյան նաև իր հետագա կյանքում չի կտրում կապը գիտության հետ, ապա դա գույների հիանալի գունապնակով է ներկում տվյալ պաշտոնյայի ողջ կենսագրությունը:
Մեզանում կան քաղաքական գործիչներ, ովքեր ավարտելով ԲՈՒՀ-երը, հետագայում էլ են սերտ կապված լինում գիտության և գիտական դարբնոցների հետ:
Այս համատեքստում օրերս աչքի զարնեց մեկ դեպք, որը չարժե անուշադրության մատնել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի միաձայն որոշմամբ շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում'հասարակական-քաղաքական բեղուն գործունեության, գիտության բնագավառում ձեռքբերումների և ԵՊՀ-ի հետ բազմամյա արգասաբեր համագործակցության համար։

 


Այս կոչումի շնորհումը առիթ ստեղծեց հիշել գիտության ոլորտում արտգործնախարարի անցած ճանապարհը, որը սկսելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելուց ու Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալուց, շարունակվում է մինչև այսօր։ Մինչև այսօր, քանզի Է. Նալբանդյանը այսօր էլ, դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր և ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններում, նրա հոդվածները տպագրվում են ամենաազդեցիկ և անվանի պարբերականներում, և ի վերջո նա իր մշտական կապն է պահպանում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (որտեղ իր կրթությունն է ստացել) և ԵՊՀ-ի հետ:

 


Եվ այս գործունեության արժանի գնահատանքը եղավ արտգործնախարարին պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելը, որը իր տեսակի մեջ եզակի համարել, ամենևին էլ չի կարելի, քանզի երկու տարի առաջ նախարարը պատվավոր դոկտորի կոչում ստացել էր նաև ՄԳԻՄՕ-ի գիտական խորհրդի կողմից:
ԵՊՀ-ի կողմից այդ կոչումի շնորհումը խորհրդանշական է նաև այն առումով, որ Է. Նալբանդյանը իր պաշտոնավարման տարիներին պատշաճ ուշադրություն է դարձրել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետին և ապագա դիվանագետ կադրերի պատրաստման գործին, որոնցից շատերը համալրում են ՀՀ ԱԳՆ շարքերը:
Շատ գովելի հանգամանք է, երբ մարդը ստանալով պաշտոն և աշխատանք, չի կտրվում գիտությունից և նրա բազմազբաղությունը և քաղաքական անցուդարձերին մասնակցությունը ստվեր չեն գցում նրա գիտակրթական գործունեության վրա: Այսպիսի ինտելեկտուալ պաշտոնյաների կարիքը Հայաստանը շատ ունի:

 

 

Հայոց Տուն