Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքը Երևանում... Ամիրյան փողոցի վրա պահպանվել է Հին Երևանի ևս մի բացառիկ հուշարձան' դա նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքն է: Այն կառուցվել է 1898 թվականին' ճարտապետներ Վասիլի Միրզոյանի և Ի. Վագապովի համատեղ նախագծով, իսկ 1905-ին արդեն Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է և շենքի ետնամասում ավելացվել բակային լրացուցիչ ընդարձակ կառույց: Երբ խոսվում է դեռևս կանգուն Հին Երևանի շենքերի պահպանման մասին' իհարկե ճիշտ է, որ հուշարձանը անհրաժեշտ է պահպանել իր իսկ տեղում: Սակայն պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ անկանոն և չմտածված կառուցապատման արդյունքում ամբողջովին չայլակերպվի պատմական շինության շրջակայքը:

 

 

Հռիփսիմյան գիմնազիան դասվում էր Երևանի կարևոր ուսումնական հաստատությունների շարքին: Այն հիմնվել է 1850 թ.' Կովկասի Ս․ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, 1884-ին դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898-ից' իգական գիմնազիա։ Սովորողների մեծ մասը գիշերօթիկ էր։ Ուսումնական հաստությունը գործում էր պետական ծրագրերով և առարկաների ուսուցումը տարվում էր ռուսերենով։ Հետաքրքիր է ծանոթանալ դասավանդվող առարկաների ցանկին' կրոն, ռուսերեն, հայերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործ։ Հետագայում, ավելացվել են' ֆրանսերեն, գեղագիտություն, նկարչություն, կենսաբանություն, բուսաբանության և հանքաբանության հիմնական սկզբունքներ, պատմություն, երաժշտություն, պար։

 

 

Ռուբեն Շուխյան