Այս լուսանկարը պատկերավոր կերպով ներկայացնում է հնի և նորի տրամաբանությունը:
Հասկանալի է, որ քաղաքի ճարտարապետական դիմագծի ձևավորման առումով' ժամանակը կանգ չի առնում, և իհարկե միշտ կա և պետք է լինի նորի անհրաժեշտությունը: Բնական է, որ հնի և նորի պայքարը միշտ եղել է ու դեռ կլինի ապագայում, իսկ լավագույն լուծումը պետք է լինի այն, որ կառուցվի նորը' պահպանելով հինը: Փաստ է նաև այն, որ Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի շնորհիվ մենք ունեցանք ազգային ոճով կառուցապատված մայրաքաղաք:
Իսկ ի՞նչ ունենք հիմա: Ցավոք, ներկայումս Երևանի կենտրոնը «զարդարվում» է միապաղաղ, «բոնբոնյերկա» ոճի շենքերով, վերջնականապես կորցնելով իր ուրույն ճարտարապետական դիմագիծը: Հին Երևանի պահպանումը ավելի շատ վեր է ածվում բարոյական բանավեճի, և հասարակությանը հրամցվում են արդեն «հաստատված» նախագծեր: Որպես վերջին օրինակ' Ամիրյան 2, նախկին Իսահակյան գրադարանի շենքի ֆասադի «պահպանման» նախագիծն է' այն ընդամենը Հին Երևանի վերաբերյալ մի հերթական հուշատախտակ է դառնալու:
Ռուբեն Շուխյան