Թաիրյանների տունը Երևանում... 1880-ականների այս լուսանկարում պատկերված են Ներսես Թաիրյանը և իր կինը' Ջավահիրը: Ինչպես հայտնի է, Ներսես Թաիրյանը Երևանում կոնյակի արտադրության հիմնադիրն է եղել (1887 թ.): Վերջին օրերին շատ քննարկվող հարցերից էր այն, որ Երևանի կենտրոնում վտանգված է և կարող է քանդվել մի պատմական թաղամաս' Աբովյանի, Պուշկինի փողոցների և Սախարովի հրապարակի հատվածում: Այդ տարածքում, «Դոլմամա» ռեստորանից դեպի աջ երկու տուն այն կողմ մինչ հիմա պահպանված է մի նկուղ, որտեղ 19-րդ դարավերջին գինու պատրաստման արտադրամաս է եղել: Կան պատմական վկայություններ, որ այն պատկանել է հենց Ներսես Թաիրյանին:

 

 

Եվ ահա «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հաստատեց այդ կարևոր փաստը: Պարզվում է, որ Ներսես Թաիրյանը մի քանի տուն է ունեցել Երևանում, իսկ ահա այս տունը նա գնել էր 1880-ականների վերջին: Ինչպես նշում է Ավագ Հարությունյանը. «Կոնկրետ այս տունը, որ գտնվում է «Դոլմամայի» հարևանությամբ, առանձնանում էր մյուսներից նրանով, որ շատ գեղեցիկ նկուղ եւ հնձան ուներ: Թայիրյանն ապրում էր այդ տանը, թեև գինի չէր պատրաստվում այդտեղ, որովհետեւ գործարանում էր պատրաստվում, ուղղակի դա գեղեցիկ սիմվոլիկա էր: Այժմ այդ նկուղը պահպանված է: Մենք մտածում էինք դիմել կառավարություն, որ այն հանկարծ չքանդվի»:

 

 

Ի դեպ, «Դոլմամայից» ձախ ընկած հատվածում, Պուշկինի և Աբովյան փողոցների անկյունը, կանգուն է 1870-ականներին կառուցված մեկ այլ շինություն' վաճառական Գրիգոր Ամիրյանի տունը, որտեղ 1910-1911 թթ. գործել է աչքի հիվանդանոց, իսկ 1911-1915 թթ.' բժիշկ Հ. Հովհաննիսյանի մասնավոր բուժարանն է եղել։ Հավելենք նաև, որ Սախարովի հրապարակի վրա է գտնվում հայտնի Հրշեջների շենքը, որը կառուցվել է 1930-ականներին' Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Վերջապես պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ ստեղծվել, կառուցվել, արարվել է հայ աշխատավորի ձեռքերով' լինեն դա պարսկական, ռուսական թե սովետական ժամանակաշրջանները, այդ ամենն անհրաժեշտ է պահպանել, վերակառուցել և որպես պատմական հիշողություն փոխանցել գալիք սերունդերին:

«Դոլմամա» ռեստորանը և աջից' Թաիրյանների տունը Պուշկինի փողոցի 19-րդ դարի պատմական թաղամասում...

 

Ռուբեն Շուխյան