1970-ականներին իմ մորական գյուղում՝ Երազգավորսում, բախտ ունեցա մասնակցելու իսկական Տերնդեզի։ Այ դա տոն է՜ր, այ դա ուրախություն է՜ր... Հսկա ու ճարճատուն կրակների վրայով թռչելը, անվերջ համով կատակներն ու լիաթոք ծիծաղը... Հնարավոր չի մոռանալ էդ աննման օրը։ Ու ոչ ոք չէր հարամում մարդկանց ուրախությունն էս տիպի գաղջ հորդորներով.

 


«Իսկական քրիստոնյայի համար ավելի կարևոր բաներ կան, քան կրակի վրայով թռչելը»։
«Թռեք կրակի վրայով, բայց իմացեք՝ թռչում եք, որ դրանով անարգեք այն»։
Զզվում եմ էս երկու հորդորներից էլ։ Մանավանդ երբ դրանք անում են ոչ հոգևորականները։ Նույնիսկ եթե պարզապես ուզում եք բարեպաշտություն քարոզել (չնայած իսկական հավատացյալը ձեր քարոզի կարիքը չունի), ապա գոնե կոռեկտ եղեք ու մի՛ հակադրեք քրիստոնեական տարրը ոչ քրիստոնեականին՝ վերջինս ամեն կերպ նսեմացնելու մոլուցքով։ Հանգիստ թողեք էդ երկուսը միասին համերաշխ գոյատևեն։ Ի՞նչ եք կպել տոներից՝ չեմ հասկանում։ Բոլոր տոներից ուզում եք մզել դուրս գցել անհոգ ուրախության բաղադրիչն ու թողնել սքեմավորը։ Լավ էլի... Հայ մշակույթը միայն զտած քրիստոնեություն չի։

 


Qahana.am-ի նյութն այս տոնի մասին բավականին չեզոք ու կոռեկտ է։ Ուրախ եմ։ Բայց որոշ հոգևորականների ու հատկապես ոչ հոգևորականների կեցվածքն անտանելի է...
Հուսամ ժողովրդի մեծ մասը բանի տեղ չի դնի նման հորդորներն ու միշտ էլ կուրախանա, ոնց որ սիրտն է ուզում։
Շնորհավոր Տերնդեզ։

 


Հրաչ Մարտիրոսյան