Այսօր կառավարությունը ընդունեց ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կենսաապահովման ծախսերի չափերը և բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրման կարգը սահմանելու մասին որոշում:
ՀՀ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսած 1997 թվականից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականցնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Ներկայումս նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 51 հոգևորական: Մինչ այս նրանք ծառայության դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում' իրավական հիմքերի բացակայության պատճառով:

 


Ընդունված որոշմամբ հոգևոր ծառայության դիմաց սահմանվեց ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը, որը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ զինծառայողների համար սահմանված պայմաններով և չափերով:
ՀՀ զինված ուժերում Առաքելական եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը դասակաարգվել է ըստ կատեգորիաների և կազմում է 300.000-ից մինչև 150.000 դրամ:
Ծախսերն իրականացվելու են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարվող հատկացումների ընդհանուր չափի սահմաններում:
Հայ Առաքելական Եկեղեցին իր ուրույն դերակատարումն է ունեցել հայ ազգի և հայոց պետականության պահպանման գործում: Պատմության ընթացքում հայոց եկեղեցին կանգնած է եղել պետության ու ժողովրդի կողքին, առավելապես հայապահպանության և ինքնության հարցերում և նույնիսկ առաջնորդել ժողովրդի ինքնապաշպանական պայքարը:

 


Այսօր էլ Հայ Առաքելական Եկեղեցու մշտական հոգևոր ներկայացուցիչը իր ծառայությունն է իրականացնում հասարակության ամենախոցելի խմբերի հետ՝ մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ' քննչական մեկուսարաններում:
Կառավարության որոշմամբ հնարավոր կդառնա ապահովել Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևոր սպասավորների պատշաճ կենսագոյությունը:

 

Կարեն Մկոյան