Այսօր արցախյան ազատամարտի գլխավոր հերոսներից մեկի' գեներալ-լեյտենանտ ՀՐԱՉ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է: Մեր օրերում, ցավոք, այս մարդու արած գործի մասին քիչ է խոսվում, շատ քիչ: Հուսանք, պատմությունն ամեն բան իր տեղը կդնի...
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀՐԱՉ ՀՄԱՅԱԿԻ
(29 հունվար 1932, Կրասնոդար-9 նոյեմբեր 1999, Մոսկվա): Ծնվել է Արևմտյան Հայաստանից գաղթականի ընտանիքում: Ավարտել է' Մ. Ֆրունզեի անվ. Ռազմական ակադեմիա (1966), Կ. Վորոշիլովի անվ. ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ Ռազմական ակադեմիա (1972): 1978-1981թթ.' Լենինգրադի ռազմական օկրուգի 6-րդ բանակի հրամանատար, 1981թ.-ից' Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ-հրամանատարի 1-ին տեղակալ: Հետագայում' Չեխոսլովակիայի բանակի ԳՇ պետին կից Վարշավայի պայմանագրի երկրների Միացյալ ԶՈՒ Գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ:
1992թ. ապրիլից' ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ, 1993թ.-ից' ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 1992-1994թթ. ակտիվորեն մասնակցել է հայոց բանակի իրականացրած բոլոր ռազմական գործողությունների պլանավորմանը և իրագործմանը: Նշանակալից է ներդրումը բանակաշինության և Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության գործում: 1994թ. հունիսին զինադադարի կնքումից հետո պաշտոնաթող է եղել: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (2000): Թաղված է Ռոստովի Հայկական գերեզմանատանը եկեղեցու մուտքի մոտ:
Միհրան Հակոբյան