Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողոովում (ԵԽԽՎ) ձայների 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ տապալվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի այդքան աղմուկ հանած և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տխրահռչակ զեկույցը:
Կարծիքները շատ են, շատ դեպքերում նաև շատ իրարամերժ: Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ զեկույցը չանցավ, ովքե՞ր նպաստեցին դրան, ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական գանձարանից տարիների ընթացքում եվրոպական պատգամավորների գրպանները շռայլորեն հոսող դրամագլուխները չօգնեցին, որպեսզի այդ ամոթալի զեկույցը ընդունվի:

 


Ճիշտ է՛, նմանօրինակ հարցադրումները շատ տեղին են, որովհետև ոչինչ հենց այնպես չի լինում: Եվ այս դեպքն էլ, իրավամբ, բացառություն չէր կազմում:
Իհարկե, շատերը կարող են հարցը մակերեսորեն դիտարկել և միայն դրա արտաքին շղարշին ուշադրություն դարձնել, ինչպես օրինակ «168 ժամ» թերթում այսօր հրապարակված հոդվածը, որտեղ հոդվածագիրը պնդում էր, որ եթե Ուոլթերի զեկույցը չընդունվի էլ, ապա դա մեծամասամբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության արդյունքը կլինի:
Այո՛, մասնակիորեն կիսում եմ այդ կարծիքը, Մինսկի խմբի' ԵԽԽՎ-ին դատապարտող հայտարարությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի զեկույցը չընդունվի, բայց սա մեդալի միայն մի կողմն է: Սա այն հարցն է, որին պետք է խորքային մոտեցում ցույց տալ' պարզելու համար, թե որտեղ է թաքնված «շան գլուխը»:

 


Անկեղծ եթե գտնվենք, պետք է արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ իր անմիջական պարտականությունները ըստ արժանվույն չի կատարում, էլ ուր մնաց ԵԽԽՎ-ին դատապարտեր' կողմնակալ զեկույցներ շրջանառության մեջ դնելու համար: Դա ՀՀ Արտգործնախարարություն և հայկական դիվանագիտության անխոնջ աշխատանքի արդյունքն էր, որ համանխագահները նմանատիպ հայտարարություն հնչեցրեցին:
Կամ մեկ այլ դեպք: Ինձ չի թվում, թե որևէ մեկը միամիտ կգնտվի և չի հասկանա, թե ինչու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում գտնվելու ժամանակ խիստ քննադատեց ԵԽԽՎ-ին' իր զեկույցներով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին խոչընդոտելու համար: Այդ պրոհայկական հայտարարությունը ևս երկինքից թափված մանանա չէր: Դա նույնպես հայոց դիվանգիտության մեծածավալ ջանքերի սպասված պտուղն ու դրա իրական արտացոլումն էր:

 


Այս ամենում մեկ հետաքրքրական փաստ ևս կա: Եթե ուշադիր դիտարկում ենք դեմ քվեարկած պատգամավորների աշխարհագրական պատկանելիությունը, ապա մեր առջև ուրվագծվում է այն պարզ պատկերը, որ այդ երկրներում մենք ունենք հզոր դեսպաններ: Այս կարևորագույն փաստը ևս գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ այս զեկույցի տապալման գործողությունները և ի վերջո վերջնական հաղթանակը կերտվել է դիվանագիտական ճակատում և այն անձամբ կռել են նաև Եվրոպայում իրենց դիվանագիտական առաքելությունը իրականացնող հայ դիվանագետները:
Հ.Գ. Այսօրինակ համախմբված աշխատանքի արդյունքում ձեռք բերված հաջողություններից հետո, մարդու մոտ ամրապնդվում է այն վստահությունը, որ նորանոր մեծածավալ դիվանագիտական հաղթանակները սարերի ետևում չեն և իրենց երկար սպասեցնել չեն տա:

 

 

Հայոց Տուն