Ի թիվս մի շարք գործոնների' հատկապես հարթավայրերում գյուղատնտեսության զարգացման գործում մեծ նշանակություն ունի ոռոգման ջրի բավարար քանակի ապահովումը:
Վերը նշված խնդրի լուծման համար ՀՀ ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին:

 

Հիշյալ ծրագրի ընդհանուր արժեքը 75 միլիոն եվրո է և այն հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:

 


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնի փոխանցմամբ, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը
ԶՖԳ­-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր:
Վերը նշված ծրագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-­ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում:

 

Նարեկ Սարգսյան