1921թ. այս օրը Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային. (պատմություն)
1921թ. այս օրը Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրեան) Բեռլինում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Թեհլերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է:
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Ներքին Բագառիճ գյուղում, ուր ստացել է իր նախնական կրթությունը, ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912թ.: 1913-ին նա փոխադրվել է Սերբիա։
Առաջին Համաշխարհային պատերազմն սկսվելուն պես Անդրանիկի գնդում մասնակցել է կամավորական շարժմանը։ 1921թ. նա մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։
Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց վերջինիս ու ձերբակալվեց, սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց Թեհլերյանին։
Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին։
Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում: